Հայրենիքը սիրել՝ նշանակում է հային սիրել․ Աստվածատուր Պետրոսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մենք տիրապետենք այնպիսի գիտելիքների, որ կոչվում է ռազմական օպերատիվ արվեստ, ուրիշ կերպ կարող ենք բանակը կառուցել»,-ասում է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Սեպտեմբերի 21-ը առիթ է խոսելու Անկախության և պատերազմական իրավիճակում բանակաշինության դժվարին ճանապարհի մասին։
«Շուշիի ազատագրման օրը զորակոչ էինք անում, ծիծաղում էին մեզ վրա, մեկ ուրիշն էլ պայքարում էր, ասում էր՝ ինչի եք սովետական բանակի կառույցներում ընդգրկում երիտասարդներին: Բայց բանաստեղծից մինչև ռազմագետ այդ հնոցում թրծվեցին»,-ասում է գեներալ-մայորը։
Նրա կարծիքով՝ անկախության իրական գինը կարող է հասկանալ միայն այն հայը, որը ճանաչում է հերոսներին․
«Մենք արդեն չորրորդ սերունդն ենք փոխում, որ բանակ է գնում։
Նոր զորք ու նոր սերունդ է հիմա, և պիտի զինված լինի ոչ միայն ազգային մշակույթով, այլ ռազմահայրենասիրությամբ։ Երբեմն էդ բառը չեն սիրում, ասում են՝ ռազմագիտություն․․ բայց ոչ ռազմահայրենասիրություն, հայրենիքը սիրել՝ նշանակում է հային սիրել․ հայը իր հերոսներին պիտի ճանաչի ու սիրի, իմանա, որ նրանք յուրաքանչյուր զոհի հետ մահացել են ու միայն իրենց համար չեն ապրում»։
«Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն էլ կարծում է, որ անկախությունը գնահատելու և պահելու համար պետք է վերանայվի դպրոցական դասագրքերը։
«Արցախյան պատերազմը պետք է մտնի մեր պատմության և ռազմագիտության դասագրքերի մեջ։ Մեր սերունդը դաստիարակվեց պատերազմի ֆիլմերով, դրանով հայրենասեր դարձանք ու հասկացանք դրա գինը։ Երեխային պետք է օրորոցից ռազմահայրենասիրություն դաստիարակել»,-եզրափակեց նա։