Բացել լրահոսը Փակել լրահոսը
wQE5ZnQD4KPSm5mH
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքիայի գործողությունները ծուղակի մեջ են գցում Ադրբեջանին․  արաբագետ (տեսանյութ)

Օրեր առաջ  Թուրքիան հայտարարել է, որ ետ է վերադառնում Հունաստանի ափամերձ հատվածներում գտնվող հետախուզական նավերից մեկը։ Իսկ երկրի պաշտպանության նախարարը երեկ նշել է, որ հաջողությամբ շարունակելու են իրենց հետազոտությունները այդ տարածքում․

«Միջերկրական ծովում Թուրքիայի վերջին գործողությունները ցուցադրում են շահագրգիռ բոլոր կողմերից ակնհայտ ճնշումների ենթարկվելը,- նշում է արաբագետ Արմեն Պետրոսյանը,- ընդհանուր առմամբ դրանք մարտավարական են՝ ճնշում բոլոր հակառակորդների վրա, արձագանքների ու շահերի շոշափում, հետո քաղաքական հստակ քայլեր»։

Արաբագետի համոզմամբ՝  այսպես փորձ է արվում Արևելյան Միջերկրականի հատվածին նոր ձևակերպում տալ, որտեղ հիմնական խաղացող կլինեն հենց իրենք․

«Քաղաքական և մարտավարական գործողությունների փոխհրաձգություն է․ Հունաստանը պետք է փորձի արձագանքել, հատկապես օգտագործելով ռազմաքաղաքական միջոցները դաշնակիցներին խնդրին ներգրավելու միջոցով՝ նախ ՆԱՏՕ, ապա ԵՄ»։

Թուրքիայի երկրորդ մեծ հակառակորդը այս հատվածի արդեն հարավում արաբական երկրներն են։ Եթե նախկինում որպես հիմնական թշնամի դիտարկվում էր Իսրայելը, ապա այժմ ավելի լուսանցքում է, Թուրքիան է, որ դիտարկվում է որպես սպառնալիք, կարծում է արաբագետ Արաքս Փաշայանը․

«Պետք է նշել, որ վերջին շրջանում արաբական մտահոգություն է ձևավորվել, Թուրքիային հակազդելու կամ զսպելու նպատակով արաբական երկրներ՝ Եգիպտոսի Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի միջև որոշակի համաձայնություններ կան։ Այս շրջանում Թուրքիան աջակցում է «Մուսուլման եղբայրներ» կրոնական շարժմանը, որը դիտարկվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն պետք է նշել, որ որոշակի շրջաններում իհարկե թուրքասիրություն կա»։

Այս ամենի ֆոնին Հայաստանի արտգործնախարարի ժամանումը Եգիպտոս, թեև որևէ անմիջական առնչություն չունի, սակայն հատկանշական է։ Արաբագետները համոզված են՝ Հայաստանը օգտվելով առիթից պիտի սերտացնի հարաբերությունները, սակայն հակաթուրքականությունը չի, որ պետք է միավորի այդ երկրների հետ․

«Այս նպաստավոր վիճակը միջավայր է ստեղծում   ՀՀ-ի համար ավելի սերտացնելու կապերը գործընկեր երկրների հետ։ Չնայած հիմա մերձեցումը հիմնված է անվտանգային թեմայի վրա, սակայն սա պետք է նպաստի հետագա ուղղությունները զարգացնելուն,-նշում է Արմեն Պետրոսյանը,- Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակը անուղղակիորեն ներքաշում է և Ադրբեջանին, որը փաստացի ծուղակի մեջ է հայտնվում»։

 Նա  հիշեցնում է՝  Թուրքիայի գործողություններին և վարած քաղաքականությանը, արաբագետների փաստմամբ, աջակցում է երեք պետություն՝ Ադրբեջանը, Քաթարն ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական  պետությունը։