Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 16.09.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաջող մեկնարկեց Սենթ Լուիսի խոշոր մրցաշարում և այժմ կիսում է 1-ին տեղը (տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին մեկնարկեց ամերիկյան Սենթ Լուիսի շախմատի հանրահայտ ակումբի կողմից անցկացվող խոշոր մրցաշարը՝ 2020 Saint Louis Rapid and Blitz-ը:

Հրավիրված 10 շախմատիստները հինգ օրվա ընթացքում կանցացնեն արագ շախմատի 9 և կայծակնային շախմատի 18 պարտիա: Հաղթողը մրցանակից բացի կստանա 50 հազար դոլար պարգևավճար: 

Անցած գիշեր կայացած արագ շախմատի երեք տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան, որոնք վաստակել են 5-ական միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր): 

Մեր շախմատիստը նախ գեղեցիկ հաղթանակ տարավ իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ, ապա տակտիկապես պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչու հետ:

Այսօր Լևոն Արոնյանը հաջորդաբար կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի, հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի և ամերիկացի Ջեֆրի Քսյոնի հետ: