Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 14-ը սեպտեմբերի․ Քոչարյանը բացատրում է, թե ում նախաձեռնությունն է «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը (տեսանյութ)

Ովքեր դեռ չեն վաճառել իրենց վաուչերները, նրանց շահույթներ է խոստանում Հայաստանում առաջին կապիտալ ինվեստիցիոն սերտիֆիկատային հիմնադրամը։ 1997-ի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Բանկերի ասոցիացիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շահույթներ խոստացող իտալացիների կողքին է։ Դուք ներդնում եք ձեր վաուչերը, հիմնադրամը տնօրինում է եւ ձեզ վերադարձնում շահույթը։

1998-ի այս օրվա Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից ոչ մեկը գործադիրից չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը պատգամավորները գոհ են եւ շնորհակալ։ Այս ֆոնին պարզ չէ, թե ինչ է Արշակ Սադոյանի ուզածը։

1998-ի սեպտեմբերի 14-ին հայ լրագրողներն ուղիղ չորս ժամ արտգործնախարարությունում եւ Բաղրամյան 26-ում սպասում են Բաքվից Երեւան ժամանած Մինսկի խմբի համանախագահներին։ 4 ժամ հետո ֆրանսիացի համանախագահն ասում է, թե ինչի համար էին հավաքվել՝ հավաքվել էին արձանագրելու, որ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն միայն Ադրբեջանի հոկտեմբերի 11-ի նախագահի ընտրություններից հետո։

Երկու օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պատճառներն այդպես էլ մնում են անհայտ։

1999-ի սեպտեմբերի 14-ին Ազգային Ժողովի նոր նստաշրջանում կառավարության հետ առաջին հարցուպատասխանին պատգամավորների հարցերին հիմնականում պատասխանում է վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նա խոստանում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը Հայաստանում չի լինի աշխատավարձերի եւ թոշակների պարտք։ Նա խոստանում է նաեւ, որ գյուղացուն կօգնի մինչեւ վերջին բերքը մթերել։

1999-ի այս օրը Բրյուսովի անվան նախկին ինստիտուտի շենքում բացվում է սլավոնական համալսարանը։ Ուսուցումն այստեղ լինելու է ռուսերեն։ Ռելտոր Լեւոն Մկրտչյանն ուսանողներին խոստանում է բարոյական կրթություն։

Օպերայի կոլեկտիվը հայտարարել էր՝ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատայի» պրեմիերան չի կայանա, եթե մինչեւ 2000-ի սեպտեմբերի 13-ը չվճարվի երգիչների 5 ամսվա աշխատավարձը։ Սեպտեմբերի 14-ի դրությամբ աշխատավարձերը վճարված չէին, իսկ պրեմիերային օպերայի եւ բալետի ազգային թատրոնն, այնուամենայնիվ, պատրաստվում է։

Նույն օրը Երեւանի Կոնյակի գործարանը հետաձգում է խաղողի մթերումը։ Սեպտեմբերի 18-ին գործարանը ոչ մի գրամ բերք չի ընդունի։ Պատճառն այն է, որ Հայարտոնագիր վարչությունն անվավեր է ճանաչել «Գրեյթ Արարատ» ընկերության նույնանուն ապրանքանիշը, սակայն չի արգելել վերջինիս հենց նույն ապրանքանիշով կոնյակ արտադրել եւ արտահանել։ Կոնյակի գործարանի նախագահ Պիեռ Լառեչը մթերումը կվերականգնի միայն այդ ապրանքանիշի վերացումից հետո։

Նույն օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է Երեւանի Կոնյակի գործարանի տնօրինության հետ։ Նպատակը խաղողի մթերումը վերականգնելն է։ Վարչապետն ընդունում է տնօրինության պահանջները, սակայն 10 հազար տոննա խաղողի մթերման հարցը մնում է բաց։

Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն Մարմինը վերջապես Հայաստանում ունի իր շենքը։ 2001-ի սեպտեմբերի 14-ին Դաշնակցությունը հույս է հայտնում, որ այս շենքում լավ օրեր կտեսնի։ Շենքը կուսակցության համար գնել են հունահայերը։

2001-ին արդեն 4-րդ անգամ Հայաստան ժամանող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը գոհ է հայ-ռուսական ռազմական համագործակցության տեմպերից։ Այս անգամ Իվանովը Հայաստանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ուղիղ երեք օր հետո։ Չնայած դրան Ռուսաստանը չի հետեւի ամերիկյան կոչերին միանալու Աֆղանստանում հակաահաբեկչական ռմբակոծություններին։ Սերգեյ Իվանովը Հայաստանում կնքում է 102-րդ ռազմաբազայի մարտունակության բարձրացմանը նպաստող պայմանագիր։ «Մենք մեր տանն ենք»,-Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասում է Սերգեյ Իվանովը։

2001-ի այս օրը Հայաստան է ժամանում Վլադիմիր Պուտինը։ Հենց այս այցելությամբ է որոշակիանում «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով Ռուսաստանին ունեցած 100 միլիոն պարտքի դիմաց ռուսներին է տրվում Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ։ Նախատեսվում է նաեւ, որ ռուսները կմասնակցեն էներգետիկ բաշխիչ ցանցերի մասնավորեցմանը։ Պուտինի հետ Հայաստան ժամանած Իտերայի նախագահն այստեղ քննարկելու է Իրան-Հայաստան-գազամուղի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը։

2007-ի սեպտեմբերի 14-ին հայտնի է դառնում, որ Վիվասել ընկերությունը միավորվում է ռուսական МТС ընկերությանը։ Ընդամենը երկու ամիս առաջ Վիվասելի տնօրենը հայտարարում էր, որ իրենց «18 տարեկան գեղեցիկ, երիտասարդ աղջկա շուրջ փեսաները շատ են», եւ նա ընտրություն չի կարողանում կատարել ու չի ուզում ամուսնանալ:։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ նախագահը հանգիստ է վերաբերվում ՀՀ Առաջին նախագահի քաղաքականություն հնարավոր վերադարձին: «Ինքը պետք է որոշի իր քայլերի նպատակահարմարությունը»,-Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձի մասին ասում է Վիկտոր Սողոմոնյանը։