Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Միջնադարյան Մարմաշեն վանական համալիրում հնագիտական հետախուզում և պեղումներ կկատարվեն

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:

«Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ»,–նշված է կառավարության ֆբ-ի պաշտոնական էջում։

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Մարմաշենի հուշարձանների խումբը շրջափակված է եղել սրբատաշ պարսպապատով, որը ձգվել է մինչև Ախուրյան գետի ափերը: Եկեղեցուց ոչ հեռու պահպանված է նաև դեպի Անի տանող, 10-րդ դարում կառուցված կամրջի աջափնյա խելի մնացորդները:

Բագրատունյաց Անի մայրաքաղաքն ու սպարապետության նստավայր Մարմաշեն դաստակերտը զարգանում ու ծաղկում էին զուգահեռ` շնորհիվ աշխարհահռչակ Տրդատի, որը հեղինակ է Անիի մայր տաճարի և Մարմաշեն կաթողիկե եկեղեցու:

Բագրատունիների ու Պահլավունիների կապը ի սկզբանե շատ սերտ է եղել: Կան պահպանված բազմաթիվ լեգենդներ, որոնցից մեկի համաձայն` գոյություն է ունեցել Մարմաշեն-Անի ստորգետնյա ուղի, որը Բագրատունի թագավորի ու սպարապետի միջև գաղտնի կապի միջոց է հանդիսացել:
«Մարմաշեն» անվանումը «Մարիամաշեն» բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ «Վահրամաբերդ» անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։