Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Թեմա Քաղաքականություն

Կուսակցություններին՝ պետության գրպանից (տեսանյութ)

Վերջին համապետական ընտրություններում մինչև 5 տոկոս ստացած կուսակցությունների յուրաքանչյուր քվեն կարժենա 1000 դրամ, 5-15 տոկոս դեպքում 500 դրամ: 15-25 տոկոս ձայն ստացած ուժի յուրաքանչյուր քվեն կլինի 250 դրամ, իսկ 25 տոկոսից ավելի ձայն ստացածի դեպքում՝ 125 դրամ:

Սա ոչ թե ընտրակաշառքի նոր գներն են, այլև պետության կողմից կուսակցություններին տրվող ֆինանսավորման նոր բանաձևը՝ փոքր կուսակցություններին ավելի շատ, մեծերին քիչ սկզբունքով։

Պետությունը փոխում է կուսակցությունների խաղի կանոնները՝ շեշտը դնելով ֆինանսավորման և ֆինանսական ծախսերի թափանցիկության վրա: Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խումբը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ է մշակել: Այն դեռ հասու չէ քաղաքական ողջ դաշտին, բայց իշխանությունները բացում են որոշ փակագծեր:

«Վերջնարդյունքում ակնկալում ենք, որ ՀՀ օրենսդրությունը նպաստելու է, որ կուսակցությունները դառնան ավելի թափանցիկ, ավելի ներառական, ժողովրդավարական՝ ներսում իրենց խնդրները կարգավորելու առումով, ավելի ներկայացուցչական և հաշվետու հանրությանը»,- ասում է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ մշակող աշխատանքային խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

Եթե պետությունը որդեգրել է խորհրդարանական կառավարման համակարգը, որտեղ պետք է բարձր լինի կուսակցությունների դերը, տրամաբանական է, որ պետք է  ավելացնի պետբյուջեից քաղաքական ուժերին տրվող ֆինանսավորումը: «Եթե դու ես հրաժարվում դրանից, ապա այդ խնդրով սկսում են զբաղվել, այո, նաև օտար ուժեր, հնգերորդ շարասյունը: Ի վերջո մեր տարածաշրջանն այնպիսին է, որ ազդեցությունները չափազանց կարևոր են»,- հավելում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանը։

Ոչ իշխանական ուժերի հիմնական դժգոհությունը պետական ֆինանսավորման քիչ լինելն է: Գործող օրենքի համաձայն պետութունը կուսակցությանը փող է տալիս, եթե նա վերջին խորհրդարանական ընտրություններին ստացել է երեք տոկոս և ավելի ձայն: Եվ յուրաքանչյուր ձայնի համար տալիս է ընդամենը 40 դրամ:

2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենամեծ գումարը 32 մլն դրամը ստացել է Իմ քայլը դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2019թ. պետբյուջեից ստացել մոտ  9 մլն դրամ, Լուսավոր Հայաստանը՝ 7 մլն դրամ: Դաշնակցություն կուսակցությունը, որը չհաղթահարեց հինգ տոկոս շեմը և հավաքեց ընդամենը ձայն 48 հազար 816 ձայն, կամ ձայների 3,88 տոկոսը, 2019թ. պետբյուջեից ստացել ստացել է 4,3 մլն դրամ։ «Միթե սա իրական է, արդյոք այս գումարով քաղաքական կուսակցությունը կարող է իր ծառայությունն առաջարկել հանրությանը: Ընդ որում սա վերաբերում է այն ուժերին, որոնք ստացել են երեք տոկոս և ավելի քվեի շեմ 10: 50-11: 8- Միջազգային փորձը տարբեր բանաձևումներ է առաջարկում, այդ թվում կան դեպքեր, երբ կապ է հաստատվում երկրի տնտեսական աճի հետ»,- հավելում է ՀՅԴ ոլորտային հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը։

Կուսակցության մասին օրենքում առաջարկված փոփոխություններն Ազգային ժողովը կքննարկի և կընդունի աշնանային նստաշրջանի ընթացքում: Եթե հաջորդ տարի նախատեսված Սահմանադրական փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն առաջանա այն  համապատասխանեցնել մայր օրենքի նոր կարգավորումներին, ապա խորհրդարանը, միգուցե նաև կառավարությունը կնախաձեռնեն կուսակցությունների գործունեոթյանը վերաբերող հաջորդ խումբ փոփոխությունները: Իսկ քաղաքական ուժերը մինչև 2023թ. խորհրդարանականը ընտրությունները կհասցնեն դիրքավորվել խաղի նոր կանոններով: