Հայաստանը Եգիպտոս թռնել չի թույլատրում․ «Անռիվա»-ն էլ Գառնի է տանում՝ զորակցելու Լիբանանին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը չի բացում իր օդային ճանապարհը Եգիպտոսի հետ՝ մեկնաբանելով, որ տուրիստական նպատակներով թռիչքների իրականացման հայտերը ենթակա են մերժման արտակարգ դրության ժամանակ։
«Անռիվա տուր» ընկերության Եգիպտոսի նախագծերի համակարգող Լիլիթ Բաբայանն ասում է՝ ներկայացված տեսակետն ընդունելի կլիներ այն դեպքում, եթե օրինակ՝ «չլինեին հաստատված թռիչքներ դեպի Դուբայ և տուրիստական այլ ուղղություններով, որտեղ այս օրերին հիմնականում մեկնում են տուրիստական նպատակով՝ չնայած որ մեկնաբանվում են որպես տարանցիկ երկրներ»։
« Շատ ուրախ ենք մեր գործընկերների համար, սակայն հարցն այստեղ խիստ կանխակալ վերաբերմունքն է, որը չունի որևէ հիմնավորում և տրամաբանություն, ինչպես նաև երաշխիք, հստակություն և ծանուցում տեսականորեն արդեն թույլտվություն ունեցող թռիչք իրականացնողների համար արտակարգ դրության ավարտից հետո»,- ասում է Լիլիթ Բաբայանը՝ ընդգծելով՝ բնականոն գործունեություն վերականգնելու համար հարկավոր է ժամանակ և պլանավորում, պետական կանոնավոր թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների հետ լուրջ բանակցություններ։
Հուլիսի 1-ից Եգիպտոսը բաց է զբոսաշրջիկների համար, որտեղ հյուրանոցներն անցել են հատուկ ստուգումներ և ստացել համապատասխան սերտիֆիկատներ։
Այս ընթացքում վարակի դեպքեր չեն գրանցվել, իսկ սեպտեմբերի 1-ից արդեն երկիրն ընդունում է զբոսաշրջիկներին ՊՇՌ բացասական թեստի առկայությամբ։
«Անռիվա տուր»-ի ներկայացուցիչն ասում է՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ով Եգիպտոս էր մեկնել իրավիճակին ծանոթանալու, պարզապես հիացած էր մնացել զբոսաշրջության ոլորտում ծավալված աշխատանքներից և խիստ պատասխանատու աշխատելաոճից և հատուկ շնորհակալություն է հայտնել Եգիպտոսի կառավարությանը։
Ուղղությունը՝ Գառնի
Համավարակով պայմանավորած՝ զբոսաշրջության ոլորտը և ներկայացուցիչները շատ ծանր կացության մեջ են հայտնվել, սակայն փորձում են նոր նախաձեռնություններով հանդես գալ։
Սեպտեմբերի 4-ին Գառնիում տեղի կունենա բարեգործական համերգ-տուր՝ ի զորակցություն Լիբանանի ժողովրդին և լիբանանահայերին։ «Գիշերային Գառնի» համերգ-տուրի գաղափարը «Անռիվա տուրինն» է։
Չկա սահմանված կոնկրետ գումար․ յուրաքանչյուրը կարող է մասնակցել իր հնարավորության սահմաններում։ Գառնի տաճարի մուտքը եւ ուղևորափոխադրումն անվճար է։ Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակով՝ մասնակցությունն ամրագրվում է նախնական գրացումներով՝ տուրի ընթացքում հետագա կուտակումներից խուսափելու համար
Որքան մասնակից կունենան, դժվար է կանխատեսել․ «Գրանցումները դեռ երեկ ենք սկսել, բայց հետաքրքրվողները շատ են։ Կարծում ենք մասնակԻՑՆԵՐԻ թիվը մեծ կլինի»,- ասում է Լիլիթ Բաբայանը։
Տաճարում կկազմակերպվի մոմավառություն ։ Ելույթ կունենան երաժիշտ, մուլտի ինստրումենտալիստ Հայկ Կարոյի Կարապետյանը և «Նաիրյան» վոկալ համույթը, որը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում միակն է, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ միաժամանակ ներկայացնելով դրանք ժեստերի լեզվով՝ հասանելի դարձնելվ լսողության խանգարումներ ունեցող անձանց համար։
Հավաքագրված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է լիբանանահայերին։