Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն․ Գեղամ Գեւորգյանը՝ ԵՊՀ-ում վարձավճարների թանկացման մասին (տեսանյութ)

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին ուսման վարձավճարների թանկացման վերաբերյալ քննարկումներ արդեն կային, իսկ այս տարվա մարտին գիտխորհրդի նիստում համարյա միաձայն որոշվել են նոր վարձաչափերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ում վարձավճարների բարձրացմանը:

«Այդ ժամանակ ասում էին՝ չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ես ասում էի՝ կլինի: Բայց մայիսի վերջին, երբ համավարակի հետեւանքով տնտեսական սահմանափակումները ամենախիստն էին դեռևս, այդ ժամանակ եղավ 4060 դիմում այդ վարձերով ընդունվելու: Ընդ որում, դիմումների կեսը ամենաբարձր վարձավճարով մասնագիտությունների գծով էր։ Հիմա, երբ եղել է ընդունելությունը, մարդիկ կնքում են պայմանագրեր, մի շարք լրատվամիջոցներ, անձինք, առանձին քաղաքական ուժեր, պատգամավորներ, սկսում են խոսել վարձերի բարձր լինելու մասին: Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց այստեղ կա երկու կողմ. մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում»:

Գևորգյանը հիշեցնում է՝ իրենց առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն, նույն մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ շուկայում, և մարդիկ կարող են ընտրել:

«Եթե ընտրել են այս գնով այս մասնագիտությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս, ուրեմն այսպես են ուզում»,-ընդգծեց Գեւորգյանը՝ հավելելով, որ տարիներ շարունակ 20-50 տոկոսի չափով զեղչ են տրամադրում ուսանողներին, որոշ դեպքերում՝ 100 տոկոս։

Հարցին, թե համավարակի պայմաններում վարձավճարի թանկացումը արդյո՞ք բարոյական առումով խնդրահարույց չէ, հատկապես այն պարագայում, երբ ուսումնական պրոցեսի արդյունավետությունը հիմա հարցականի տակ է, Գևորգյանն արձագանքեց, թե կրթության արդյունավետությունը կամաց-կամաց կդադարի հարցականի տակ լինել, քանի որ այն թերությունները, որ կային անցած կիսամյակ, այս տարի շտկվելու են: Այն առարկաները, որոնք պահանջում են առկա շփում, լինելու են առկա՝ բոլոր կուրսերում անխտիր․

«Ուսման վարձն այնպիսի բան է, որ չի կարելի ամեն օր փոխել։ Ինչ վարձավճարով ուսանողն ընդունվում է, դրանով էլ ավարտում է։ Այսինքն՝ այսօր բարձրացած վարձերը վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին։ Կխնդրեմ նաև բարոյական խրատներ չտալ, պետք է խոսել օրենքներով։ Եկեք, դուք նշեք, թե ի՞նչն է էժանացել այս ընթացքում»։

Գևորգյանը հերթով թվարկեց, թե որքան կորուստներ է ունեցել համալսարանն այս արտակարգ դրության ընթացքում, ինչով էլ արդարացրեց նաև վարձավճարների բարձրացումը։ Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ վարձավճարների բարձրացման արդյունքում ԵՊՀ դասախոսների աշխատավարձը 10 տոկոսով կբարձրանա. կբարձրանա նաև դեկանների աշխատավարձը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կրկին վստահեցրեց՝ չի առաջադրվելու ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար․

«Պատճառներ շատ կան, բայց ես սկզբունքային դիրքորոշում ունեմ, որ ռեկտորը պետք է լինի նշանակովի»:

Գևորգյանը կարծում է՝ ԵՊՀ ռեկտոր պետք է նշանակի կրթության նախարարը։ Հարցին, թե արդյոք իր բոլոր գործողությունները համաձայնեցրել է իշխանության հետ, ենթարկվել նրանց, Գեղամ Գեւորգյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ մեծ ցանկություն ունենայի իմ բոլոր քայլերը համաձայնեցնել նախարարության հետ, հավատացեք, նախարարներն այդքան ժամանակ չունեն»:

Գևորգյանին հարց ուղղվեց նաև այն մասին, թե տեղյա՞կ է եղել, որ իր պաշտոնավարման դեպքում օրենք է խախտվում, քանի որ չէր կարելի համատեղել Հիմնադրամի կառավարչի և «Էվոկաբանկի» խորհրդի փոխնախագահի պաշտոնները։ Վերջինս արձագանքեց, թե իրեն խորհուրդն է ընտրել, և դրա պատասխանատուն ինքը չէ․

«Ինձ թվում է, որ իմ առաջադրման ժամանակ ոչ միայն ես, այլ նաև գործին ներկաներից որևէ մեկը չգիտեր։ Եվ եթե տեղյակ լինեի, անշուշտ կասեի, քանի որ դա թաքցնելու բան չի։ Ավելին ասեմ, ես «Պրոմեթեյ» բանկի խորհրդի անդամ եմ 2006 թվականից։ Այն ժամանակ բանկը թույլտվություն է խնդրել համալսարանից, որ վերջինս չի առարկում՝ ես լինեմ բանկի խորհրդի անդամ։ Ես համալսարանից ռեկտորի ստորագրությամբ թուղթ եմ տարել, որ համալսարանը չի առարկում։ Դրանից հետո այդ ինֆորմացիան տեղադրվել է «Էվոկաբանկի» կայքում։ Դեռ դատական վարույթ չկա, բայց, դրա պատասխանատուն ես չեմ, խորհուրդն է ընտրել»,- ասաց նա։