Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մանկապարտեզները բացվում են (տեսանյութ)

Կրթական հաստատությունների հետ մեկտեղ սեպտեմբերի 15-ից իրենց  գործունեությունն են վերսկսում են բոլոր  մանկապարտեզները։  Ներկայումս գործում են 30 մանկապարտեզ, որոնք նախատեսված են միայն աշխատող ծնողների երեխաների համար։

«Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկման ընթացքում Երևանի և մարզային մանկապարտեզների տնօրենները զրուցեցին վարակաբան Հասմիկ Ղազինյանի և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանի հետ։

«Յուրաքանչյուր խմբում առավելագույնը 12 հոգի է, բոլորը  ջերմաչափվում են երկու անգամ, օդափոխություն է կատարվում, օր է լինում տեսչական մարմինները կրկնակի են ստուգում,- Նունե Սարգսյանը ներկայացնում է իրենց աշխատանքը  ,- ծախսերը բավական շատ են, քաղաքապետարանի կողմից տրամադրվում է դիմակ, ալկոգել։ Երևանը կարողացել է առավելագույնս ապահովել պարետի որոշման պայմանանները»։

16-րդ թաղամասի հավաքական մանկապարտեզի տնօրեն Արմինե Սարգսյանը լրացնում է՝ ամեն նոր օրվա հետ զգոնությունը ոչ թե թուլանում է, այլ ավելանում.

«Մեզ մոտ հաճախում են մի քանի մանկապարտեզների երեխաներ։ Ոչ մի դեպք չի գրանցվել երեք ամսվա ընթացքում, աշխատողները անընդհատ դիմակ են կրում, դիմակները տրամադրում է քաղաքապետարանը, երեքից չորս ժամը մեկ դիմակները փոխվում են, օգտագործվում է մեկանգամյա սպասք․։ Այս պահին հաճախում է 50 երեխա»։

Սակայն Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վարակաբան-լյարդաբան Հասմիկ Ղազինյանին չի համոզում բերված փաստարկեները։

Գլխավոր խնդիրը՝ ո՞վ է վերահսկում կանոնների պահպանումը հենց աշխատակիցների կողմից.

«Երեխաների մոտ գնում է ասիմպտոմ ընթացք, ռիսկային խմբում է աշխատակազմը։ Ինչպե՞ս է երեխաների դեպքում պահպանվելու սոցիալական հեռավորությունը»։

Վարակաբանն առաջարկում է՝ ամենուրեք պետք է լինեն համաճարակաբաններ, համաճարակաբանի առանձին հաստիքներ, որպեսզի վերահսկողական գործառույթը լիովին իրականացվի, որին ի պատասխան նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը նշում է՝ երեխաների սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր չէ, բայց համաճարակաբանների վերահսկողություն կարելի է ներառել.

«Պետք է փաստել, որ Երևանում կանոնները ավելի խիստ են պահպանվում, քան համայնքներում, սակայն համայնքային մանկապարտեզները ավելի նոր են, հիմնանորոգված, քան քաղաքայինները»։

Նոյեմբերյանի և Եղեգնաձորի մանկապարտեզների տնօրենները փաստում են՝ համայնքապետարանը տրամադրում է դիմակ, ալկոգել, սակայն անհրաժեշտ են և այլ ենթակառուցվածքներ, որոնց առկայությամբ հնարավոր կլինի ավելի պաշտպանված և անվտանգ աշխատել.

«Մեզ համար խնդիր չէ լվացքատունը, մենք երեխաների հագուստները ինքներս ենք լվանում, սակայն շատ պարտեզներ չունեն այդ հնարավորությունը,-նշում է Եղեգնաձորի մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը,-կարևոր է սննդի կազմակերպումը, կարծում ենք ավելի անվտանգ է, եթե սնունդը դրսից չբերվի, օգտագործենք մեկանգամյա օգտագործման սպասք»։

Մանկապարտեզի տնօրենները համակարծիք են՝ համաճարակաբանի ստուգումները ավելի արդյունավետ են դարձնում իրենց աշխատանքը, քանզի պարետատան կողմից հանվել է տեղեկանքի պարտադիր պահանջը, որով ներկայացվում էր երեխայի ընտանիքում վարակակիր լինել-չլինելու մասին տեղեկատվությունը։

Նունե Սարգսյանը հավելում է՝ թեև իրենք պատրաստակամ են ամեն կերպ աջակցել նաև համայնքային մանկապարտեզներին, սակայն համայնքապետարանի ակտիվ դերակատարությունը կարևոր է.

«Արդեն մի քանի ամիս է՝ քաղաքի մանկապարտեզների աշխատակիցները ստանում են պարգևավճարներ, լավ կլիներ, որ համայնքները ևս հետևեին Երևանի քաղաքապետարանի օրինակին»։

Քննարկման վերջում տնօրենները փոխանակվեցին հեռախոսահամարներով՝ իրենց փորձով կիսվելու, իրար աջակցելու և անվտանգ աշխատանք իրականացնելու համար։