Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

103-ամյա կինը կարոտել է Մալաթիան (տեսանյութ)

Հասարակություն

103-ամյա Մարի Ստեփանյանի համար եղեռնի առաջին դրվագը պապու` Գեւորգ էֆենդու սպանությունն էր:

Մարի տատն այդ ժամանակ 8-ամյա աղջնակ էր, սակայն ամենայն մանրամասնությամբ հիշում ու պատմում է ջարդի տարիների ահն ու սարսափը:

Նրա պատմելով` իր պապը Մալաթիայում բարձրաստիճան պաշտոնյա էր ու շատ հարգված մարդ: Նրան հրավիրում են հարեւան թուրքերից մեկի հարսանիքին եւ «միջոցառման ավարտին նրան, խաբելով տանում են պատշգամբ, աթոռով ցած նետում»:

Ծնողների, տատու հետ Մարի տատիկը փրկվում է թուրք հարեւանների շնորհիվ, որոնք գիշերով իրենց տուն են տանում նրանց: Ցեղասպանության հաջորդ հարվածը լինում է հոր սպանությունը, որին այլ հայերի հետ գնադակահարում են:

Դրանից հետո սկսվեց թալանի, կոտորածի, բռնությունների նոր ալիքը, որը հետագայում պարբերական բնույթ ստացավ: «Բանտարկյալներին բանտերից հանեցին, որ սպանեին մեզ, քրդերին հրաման տվեցին, որ ում տունը որ ջարդեք, դրա հարսն ու կինը ձերն է»,-պատմում է նա:

Ամեն առավոտ, Մարի տատիի պատմելով, եթե մեկի տունը «մտած» չէին լինում, աչքալուսանք էին բերում այդ տանը: Մարիի մայրը այս ընթացքում դառնում է բողոքական եւ կարողանում է փրկել իր ընտանիքը: Մարին ամուսնանում է ջարդից փրկված մի հայորդու հետո:

Մշտապես ապրելով վախի ու սարսափի մեջ` 1937թ. նրանց ընտանիքը տեղափոխում է Հալեպ, որտեղից 1946թ. գալիս են Խորհրդային Հայաստան:

Մարի տատը, շատ հայրենադարձների պես, չի հարմարվել խորհրդային կարգերին. նրանցից շատերին Ստալինն աքսորեց Սիբիր. «Փառք Աստծո, մեզ չուղարկեցին Սիբիր, բայց շատ էինք վախենում. ամեն գիշեր սպասում էինք, որ մեզ կտանեն»:

Ապրելով ստալինյան վախի մթնոլորտում` նրանց ընտանիքը ոչնչացրել է բանկային բոլոր այն փաստաթղթերը, որոնք վկայում էին Թուրքիայում թողած իրենց հարստության մասին:

Այժմ Մարի տատիկն ապրում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Նա ուշադիր հետեւում է երկրի անցուդարձին ու դեմ է հատկապես հայ-թուրքական սահմանի բացմանը. «Ավելի լավ է հաց ու պանիր ուտեմ, քան թուրքը գա: Թուրքերը վստահելի մարդ չեն, ոչ խիղճ ունեն, ոչ Աստված»:

Ի դեպ, Մարի տատը թուրքերենով ներկայացրեց թուրքերի կատարած որոշ բարբարոսությունները. «Որ նրանք հասկանան, թե ինչեր են արել»: Իսկ թուրքերը, օրինակ, հղի հայ կնոջ փորը պատռել են, երեխային հանել, շամփուրին անցկացրել ու մորը ստիպել նայել`ասելով. «Տես, ոնց է երեխադ պարում»:

Մարի տատիկի հիշողություններում անջնջելի են մնացել այս տեսարանները, սակայն նա նաեւ կարոտով է հիշում իրենց տունն ու բակը, որը նրա ասելով, եթե հիմա էլ գնա Մալաթիա, անպայման կգտնի: