Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Քաղաքականություն

4500 անհայտ կորածներ․ այսօր Անհայտ կորածների միջազգային օրն է (տեսանյութ)

Մարդկանց անհետացումը՝
համաշխարհային մարդասիրական ողբերգություն

Երևան (ԿԽՄԿ) – Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը։

Հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում անհայտ կորում են զինված հակամարտության, բռնության, միգրացիայի և բնական աղետների հետևանքով։ Նրանցից ոմանք անհետանում են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ ոմանք էլ՝ բռնության պատճառով։ Սա համաշխարհային մասշտաբի մարդասիրական ողբերգություն է։ Ամեն տարի հազարավոր մարդիկ կորցնում են իրենց հարազատների հետ կապը՝ ավելի ապահով կյանքի համար պատերազմական գործողությունների գոտին լքելիս։ Նրանցից շատերն այլևս երբեք լուր չեն ուղարկում իրենց մասին և չեն վերադառնում։

Այս պահի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրանցել է ավելի քան 145,000 անձ որպես անհայտ կորած՝ հիմնվելով իրենց ընտանիքների վկայության վրա, մինչդեռ նոր դեպքերն օրեցօր ավելանում են։ Եվ սա դեռ անհայտ կորած համարվող անձանց չնչին մասն է միայն, որոնց իրական թիվը, ցավոք, անհնար է պարզել։

Միայն 2019 թ.-ին անհայտ կորած անձանց 25,000 նոր դեպք է գրանցվել ԿԽՄԿ-ի Որոնման կենտրոնական գործակալության կողմից, որը Ժնևի կոնվենցիաներով լիազորված չեզոք մարմին է։ 2020 թ․-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ անհայտ կորած անձանց ավելի քան 7,300 նոր դեպք է գրանցվել։

Այս թվերը չեն կարող ամբողջությամբ փոխանցել ողբերգության ծավալը, քանի որ անհայտ կորած յուրաքանչյուր անձի հետևում թվով շատ ավելի տուժած մարդիկ կան։ Ընտանիքները և համայնքները տառապում են անորոշությունից՝ չիմանալով իրենց հարազատների գտնվելու վայրը կամ ճակատագիրը և առերեսվելով սիրելիների անհետացմամբ իրենց կյանքում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրների։ 

Երևանի և Բաքվի իր պատվիրակությունների ու Լեռնային Ղարաբաղի առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն գրանցել է Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ավելի քան 4,500 անհայտ կորած զինվորական ու քաղաքացիական անձի։ Միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված իր հանձնագրի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտության կողմերին իր փորձագիտությամբ՝ հանդես գալով որպես չեզոք ու ակնողմնակալ միջնորդ և խրախուսելով նրանց ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

ԿԽՄԿ-ն չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի բացառապես մարդասիրական առաքելությունն է պաշտպանել զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած մարդկանց կյանքը և արժանապատվությունը։ Կազմակերպությունը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր մարդասիրական գործունեությունն իրականացնում է տարածաշրջանում 1992 թ.-ից։