Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Տոնոյան Անջեյ Կասպրշիկ
A A
Պաշտոնական

Հայ սպան ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված տեքստը․ Դավիթ Տոնոյանը խոսել է Անջեյ Կասպրշիկի հետ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

Հ․Գ․ Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերնով մշակված տեքստը։

․․․․․․․․․․․․

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։ Ըստ հաղորդագրության` օգոստոսի 23-ին` ժամը 05:45-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է։ ՀՀ ՊՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հերթական սուտ տեղեկությունը։