Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Սևիլյան» խորտակեց իտալացիների երազանքները և 6-րդ անգամ տիրեց Եվրոպայի լիգայի գավաթին (տեսանյութ)

Իսպանական «Սևիլյայից» ընդամենը 15 օր պահանջվեց, որպեսզի 6-րդ անգամ հաղթի Եվրոպայի լիգայում:

Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն այս տարի մրցաշարի վերջնամասն անցկացրեց Գերմանիայում՝ կորոնավիրուսից ապահովագրվելու համար: «Սևիլյան» օգոստոսի 6-ին նախ 2:0 հաշվով հաղթեց Հռոմի «Ռոմային» և մտավ քառորդ եզրափակիչ: Հինգ օր հետո իսպանացիներն արդեն պայքարից դուրս բերեցին անգլիական «Վուլվերհեմփթոնին»՝ 1:0: Կիսաեզրափակիչում սևիլյացիները կամք դրսևորեցին և հաղթանակ տարան անգլիական մյուս թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 2:1, չնայած առաջինն էին գոլ բաց թողել:

Անցած գիշեր «Սևիլյան» հանդիպեց Միլանի «Ինտերի» հետ, որը այդ ժամանակահատվածում իրար ետևից հաղթել էր իսպանական «Խետաֆեին»՝ 2:0, գերմանական «Բայերին»՝ 2:1, և Ուկրաինայի չեմպիոն «Շախտյորին»՝ 5:0: Այդ հանդիպումներից հետո ողջ Իտալիան հավատում էր միլանցիների վերջնական հաջողությանը: Թերթերից մեկն այդ խաղի կապակցությամբ առաջին էջին մեծ տառերով գրել էր. «Մենք Իտալիան ենք»:

«Ինտերը» բավական հաջող մեկնարկեց եզրափակիչ խաղը և արդեն 5-րդ րոպեին բացեց հաշիվը: Միլանցիների հարձակվող Ռոմելու Լուկակուն 11մ հարված վաստակեց և հենց ինքն էլ այն իրացրեց: «Սևիլյան» վեց րոպե անց խփեց պատախան գոլը, իսկ 33-րդ րոպեին արդեն առաջ անցավ հաշվի մեջ: Երկու դեպքում էլ աչքի ընկավ իսպանական թիմի նիդեռլանդցի խաղացող Լուկ դե Յոնգը: Ժամացույցի սլաքը դեռ 180 վայրկյան չէր պտտվել, երբ ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը կրկին «ստատուս քվո» հաստատեց:

Երկրորդ խաղակեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Հանդիպման 74-րդ րոպեին «Սևիլյայի» խաղացող Դիեգո Կառլոսի շեղ հարվածից հետո «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն անփութորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հենդ այդ ինքնագոլի շնորհիվ իսպանական ակումբը հաղթեց 2:1 հաշվով, 6-րդ անգամ տիրեց Եվրոպայի լիգայի գլխավոր մրցանակին՝ ՈՒԵՖԱ-ի գավաթին, և խորտակեց իտալացիները երազանքները, որոնք վաղուց իրենց երկրում չեն հիացել եվրոպական գավաթներով: