Շախմատի օլիմպիադա. ովքե՞ր են Հայաստանի հավաքականի 9 մրցակիցները
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականը վաղը իր նորամուտը կնշի շախմատի առցանց օլիմպիադայում, որին մասնակցում են հինգ աշխարհամասերի 40 առաջատար ընտրանիները:
Մեր թիմը հանդես է գալու C խմբում: Այստեղ ընգրկված 10 հավաքականների մեջ մերոնք իրենց վարկանիշով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը կլինի Ռումինիայի ընտրանին: Այն հիմնականում կազմված է հավասարազոր շախմատիստ-շախմատիստուհիներով: Միակ թույլ օղակը մինչև 20 տարեկան աղջիկներն են, որոնք ցածր վարկանիշ ունեն: Երկրորդ մրցակիցը Բուլղարիայի հավաքականն է: Այն արդեն կանանց ուժեղ կազմ ունի, որը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն Անտոանետա Ստեֆանովան: Բուլղարացիները ընտրական A խմբի հաղթողն են:
Երրորդ տուրում Հայաստանը կմրցի Թուրքիայի ազգային թիմի հետ: Վերջինս հանդես է գալիս առանց իր առաջատար շախմատիստ Ալեքսանդր Իպատովի, սակայն միջին վարկանիշով շատ քիչ է ետ մնում մեզնից: Թուրքիան ընտրական D խմբի հաղթողն է:
Թվով չորրորդ մրցակիցը Խորվաթիան է: Թիմի հիմնական կազմում ընդգրկված են փորձառու շախմատիստ-շախմատիստուհիներ, բայց պահեստայինները բավականին զիջում են իրենց վարկանիշով:
Հայաստանի 5-րդ մրցակցի դերում կլինի Ալժիրի հավաքականը: Այն Աֆրիկա աշխարհամասի առաջատարներից է, սակայն իր կազմում ունի ընդամենը երկու գրոսմայստեր՝ մեկ տղամարդ, մեկ՝ կին:
Վեցերորդ տուրում մերոնք կհանդիպեն «Սև աշխարհամասի» մյուս ներկայացուցչի՝ Մարոկոյի հավաքականի հետ: Մարոկացիներն այս խմբի ամենացածր վարկանիշ ունեցող շախմատիստներն են: Նրանք, կարելի է ասել, ընգծված ետնապահներն են:
Հաջորդ՝ 7-րդ մրցակիցը, Անգլիայի հավաքականն է: Այն գլխավորում է փորձառու Մայքլ Ադամսը: Անգլիացիները ընդհանուր վարկանիշով վեցերորդն են, քանի որ մինչև 20 տարեկան շախմատիստուհիները շատ ցածր գործակիցներ ունեն, իսկ ահա մնացածը չեն զիջում առաջատար հավաքականների ներկայացուցիչներին:
8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի խմբի ֆավորիտի՝ Ռուսաստանի ընտրանու հետ: Այն գլխավորում է աշխարհի 6-րդ շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը: Երկրորդ խաղատախտակին հանդես կգա Յան Նեպոմնյաշչին, որը վարկանիշով չորրորդն է ՖԻԴԵ-ի աղյուսակում: Ռուսաստանի հավաքականի բոլոր 12 անդամները 2000-ից բարձր վարկանիշ ունեն:
Օլիմպիադայի խմբային փուլը մեր ընտրանին կավարտի Եգիպտոսի հետ հանդիպումով: Վերջինս Աֆրիկայի լավագույն հավաքականն է և վարկանիշով բավականին առաջ է Ալժիրից ու Մարոկոյից: Թիմի կազմում ընգրկված են 7 գրոսմայստեր՝ չորս տղամարդ, 3՝ կին:
Հիշեցնենք, որ շախմատի առցանց օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Նախ 40 հավաքականները 4 խմբերում կվիճարկեն փլեյ-օֆֆի 12 ուղեգրերը: Առաջին տեղերը գրաված թիմերը միանգամից կմտնեն քառորդ եզրափակիչ, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները կբաժանվեն զույգերի և կանցկացնեն լրացուցիչ հանդիպում փլեյ-օֆֆ մտնելու համար: Օլիմպիադայի եզրափակիչ կկայանա օգոստոսի 28-30-ը: