Բացել լրահոսը Փակել լրահոսը
bavariju-ne-ostanovit_15977672672050227991
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բավարիայի» 10-րդ անընդմեջ հաղթանակը թիմին եզրափակչի ուղեգիր բերեց (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում 3:0 հաշվով վստահ հաղթեց «Լիոնին» և իր պատմության մեջ 11-րդ անգամ մտավ եզրափակիչ:

Այդ ցուցանիշով գերմանական ակումբը հավասարվեց իտալական «Միլանին»: Ռեկորդը պատկանում է Մադրիդի «Ռեալին», որը 16 անգամ է հանդես եկել եզրափակիչում:

«Բավարիան» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում: Վերջին անգամ թիմը պարտություն էր կրել 2019 թվականի մարտի 13-ին, երբ 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում սեփական դաշտում 1:3 հաշվով անսպասելի զիջել է ապագա հաղթող «Լիվերպուլին»:

Մյունխենցիների կազմում երկու գոլ հեղինակեց Սերժ Գնաբրին, մեկ՝ Ռոբերտ Լևանդովսկին: Հարձակվողների այս տանդեմը ընթացիկ խաղարկությունում արդեն խփել են 24 գոլ:

Այդպիսով, նրանք գերազանցել են Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Քրիշտիանո Ռոնալդուի և Գարեթ Բեյլի սահմանած ռեկորդը, որոնք 2013-14թթ խաղարկությունում միասին 23 անգամ գրավել էին մրցակիցների դարպասը: Ռոբերտ Լևանդովսկին այդ խաղում 9-րդ անգամ անընդմեջ դարձավ գոլի հեղինակ:

Նա այդ ցուցանիշով առայժմ ետ է մնում Քրիշտիանու Ռոնալդուից, որը 2018թ աչքի էր ընկել 11 անընդմեջ խաղերում:

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» կհանդիպի Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ, որն առաջին անգամ է նման իրավունք ձեռք բերել:

Խաղը կկայանա օգոստոսի 23-ին, Լիսաբոնի «Էշտադիո դե Լուշ» մարզադաշտում: