Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիա»-«Օմոնիա». 11-րդ հակամարտություն
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր առաջին խաղը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր՝ 2020-21թթ մրցաշարի շրջանակում: Մեր թիմը որակավորման առաջին փուլի խաղում սեփական դաշտում կհանդիպի Կիպրոսի այս տարվա չեմպիոն Նիկոսիայի «Օմոնիայի» հետ:
Հայաստանի ակումբները եվրոպական գավաթների խաղարկություններում արդեն 10 անգամ հանդիպել են Կիպրոսի ներկայացուցիչների հետ: Ավաղ, այդ խաղերի վիճակագրությունն այնքան էլ հուսադրող չէ «Արարատ-Արմենիայի» համար: Մասնավորապես՝ նախկինում կայացած 10 հանդիպումներից 8-ում հայկական թիմերը պարտություն են կրել, և միայն «Կոտայքին» է հաջողվել հաղթել սեփական դաշտում: Յոթ խաղում մեր ֆուտբոլիստները չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը, իսկ չորսում կրել են խոշոր հաշվով պարտություններ:
«Օմոնիան» երկրորդ անգամ է խաղալու հայկական թիմի դեմ: Չորս տարի առաջ Նիկոսիան ներկայացնող ակումբը Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում երկու խաղերի արդյունքներով հաղթել էր Երևանի «Բանանցին»՝ 1:0, 4:1, ընդ որում Կիպրոսում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր մեր թիմի առավելությամբ՝ 1:0, սակայն լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը չորս անպատասխան գնդակ էին ուղարկել «Բանանցի» դարպասը:
Հայաստանի և Կիպրոսի ակումբների թվով 11-րդ հակամարտությունը բավականին տարբերվում է նախորդ 10 խաղերից, քանի որ պարտվողը միանգամից դուրս է մնալու մրցաշարից: Դա նշանակում է, որ թիմերն այսօր պարզապես սխալվելու իրավունք չունեն:
«Արարատ-Արմենիա» - «Օմոնիա» հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Այն կցուցադրվի Առաջին ալիքով: Ի դեպ, խաղը հեռարձակվելու է նաև Ուկրաինայում:
Ըստ բուքմեյքերական գրասենյակների այսօրվա հանդիպման ֆավորիտ է համարվում «Օմոնիան», որի հաղթանակը հավասար է 1,95 գործակից, իսկ «Արարատ-Արմենիայինը»՝ 3,80: