Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն
A A
Հասարակություն

Ո՞վ պետք է հետեւի, որ տարրական դասարանցիները մեկը մյուսի դիմակը չդնեն

Արդյո՞ք  ճիշտ  որոշում է՝  տարրական դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպել դիմակներով։

«Ա1+»-ի զրուցակիցների  գնահատմամբ՝ դիմակով դասերին նստելը ոչ բժշկական, և ոչ հոգեբանական տեսանկյունից ճիշտ չէ։ Դիմակը կարող է հակառակ ազդեցությունը թողնել, քանի որ սխալ կրումը վարակի տարածման ավելի մեծ պատճառ է։

Մանկական վարակաբան Արմեն Օհանյանն ասում է. «Տարրական դասարանում սովորող երեխաների մոտ չի բացառվում, որ կարող են մեկը մյուսի դիմակը վերցնել, դնել սեղանին և հետո փոփոխել, ոչ մեկ դրան չի կարողանալու հետևել։ Պարբերաբար դիմակները փոխելը նույնպես չի կարող վերահսկվել և այս պարագայում ռիսկն ավելի մեծ կլինի»։

Բարձր ջերմաստիճանն էլ իր հերթին բարդացնում է խնդիրը, ըստ նրա, առատ քրտնարտադրության հետևանքով խոնավացած դիմակը շարունակել կրելը նույնպես սխալ է։

«Երեխաներին կարող ենք համարել վարակի ավելի մեծ աղբյուր, քանի որ շատ դժվար է դպրոցում իրենց հետևել, որ պահպանեն հիգիենայի կանոնները կամ սոցիալական հեռավորություն, չի լինի անընդհատ կանխել շփումները»,- «Ա1+»-ին ասաց նա։ 

 

«Նուռիկ»  կենտրոնի տնօրեն, հոգեբան Կարինե Հովհաննիսյանը եւս  ճիշտ չի համարում այս որոշումն՝ արդեն այլ տեսանկյունից.

 «Շատ կարևոր է, որ մանկավարժը տեսնի երեխայի դիմախաղը, հատկապես 1-4-րդ դասարանների աշակերտները ամաչում են խոսել, բարձր արտահայտել իրենց միտքը, դիմակը տվյալ տեսանկյունից մեծ խոչընդոտ է»։

Հոգեբանը նկատում է, որ հեռավար ուսուցման տարբերակն էլ ուրիշ հոգեբանական վտանգ ունի. «Առանց այն էլ վեց ամիս է երեխաները չեն կարողանում ակտիվ շփումներ ունենալ, այդ տարիքում էլի տանը մնալն արդեն կարող է վատ ազդեցություն ունենալ»։

  Հիշեցնենք, որ  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ աշակերտները պարտադիր պետք է կրեն դիմակ որպես տարրական հակահամաճարակային կանոն։

Ավելորդ չէ  նշել,որ առաջին դասարաններում  կլինեն    երեխաներ, որոնց վեց տարին սեպտեմբերին դեռ լրացած չի լինի եւ կլրանա մինչեւ տարեվերջ։

karine hovhannisyan.jpg (52 KB)