«Շիրակը» ցանկանում է հետաձգել «Արարատի» հետ առաջիկա հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ին«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Տեղեկանալով, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբում, ցավոք, հաստատվել է կորոնավիրուսի վարակման արդեն 23 դեպք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես դիմել է ՀՖՖ-ին՝ հետաձգելու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ փուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը:
Այդ հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև մեր ակումբում, ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել մեր թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ համաձայն ՈւԵՖԱ-ի կանոնակարգերի հանդիպման ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:
Նշենք նաև, որ մեր թիմի վարչական անձնակազմում ևս արդեն հաստատվել է վարակման դեպք, իսկ մի շարք ֆուտբոլիստներ այժմ արդեն թեստավորում են անցնում»:
Նշենք, որ «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը նշանակված է օգոստոսի 22-ին, իսկ Եվրոպայի լիգայի «Ստյաուայի» հետ խաղը՝ օգոստոսի 27-ին:
Հավելենք, որ ՀՖՖ-ն արդեն հետաձգել է 3-րդ տուրի երեք հանդիպումները, քանի որ Հայաստանի չորս թիմերն այդ ժամանակ հանդես են գալու եվրոպական գավաթներում: