Բացել լրահոսը Փակել լրահոսը
9Hsmk7eqZBbgzRwI
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցները ինչպես են բացվելու, քան Հայաստանինը․կրթության փորձագետ (տեսանյութ)

Պարետատան որոշմամբ սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում կվերսկսվեն դասերը, բայց թե ինչպես են անցկացվելու, դեռ անհասկանալի է։

«Անորոշություն է․ այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցները ինչպես են բացվելու, քան Հայաստանինը»,-ասում է  կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ շատ խնդիրներ հաշվի առնված չեն.  «ԿԳՄՍ նախարարությունն ինձ վստահեցնում է, որ շուտով կլինեն հարցերի պատասխանները, բայց ես կարծում եմ, որ որոշումն ընդունելուց առաջ էր պետք տալ պատասխաններ, ոչ թե շուտով»։

Պատգամավորի համոզմամբ այսքան արագ ժամանակահատվածում նախարարությունը չի կարող լուծել ֆինանսական խնդիրները և արդյունքում իմիջիայլոց կրթություն ենք ունենալու, որն ավելի վատ հետևանք է ունենալու, քան հեռավար շարունակելու պարագայում։

Քննարկվում է դասարանները կիսելու և փոքր խմբերով դասերը կազմակերպելու տարբերակը։ «Այս պարագայում ուսուցչի աշխատանքը կրկնապատկվում է և ես չեմ կարծում, որ պատրաստ ենք բյուջեից միլիարդներ տրամադրել ամիսներ շարունակ կրկնակի վճարել յուրաքանչյուր ուսուցչին»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա պնդում է, որ հակառակ պարագայում էլ շատ ուսուցիչներ կհրաժարվեն նույն աշխատավարձով երկու-երեք հերթով հավելյալ աշխատանք կատարել։ Ավագ դպրոցում աշխատող ուսուցիչներն էլ կնախընտրեն դուրս գալ և կրկնուսույց աշխատել։

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադարձավ այն խնդրին, թե արդյոք պետությունը կվերցնի իր վրա բեռը՝ ախտահանիչ միջոցներով, դիմակներով ապահովելու բոլոր դպրոցները։ «Հրահանգվել է դպրոցները բերել համապատասխան վիճակի, մարզերի դպրոցներից բազմաթիվ զանգեր եմ ստանում, չգիտեն ինչպես և ինչ միջոցներով կազմակերպել համապատասխան վիճակը»,- ասում է Սոֆյա Հովսեփյանը։

 Քննարկում են դպրոցի ներսի խնդիրները, բայց մինչև դպրոց հասնելն էլ կան խնդիրներ.  ինչպե՞ս են երթևեկելու 65+ տարեկան ուսուցիչները, հավելում է Սերոբ Խաչատրյանը։

Հայաստանում ռիսկային գոտում  գտնվող ուսուցիչների թիվը 3000-ի է հասնում։

Փորձագետը կարծում է, որ այնուամենայնիվ, պարտադիր է տարրական դասարանների բացումը, քանի որ այդ տարիքի երեխաները բացի այն, որ վարակ տարածող չեն, նաև չեն կարող  հեռավար ուսուցում ստանալ, հատկապես եթե ծնողները աշխատում են։