Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ինչպիսի՞ն կլինի նոր ստեղծվող հակակոռուպցիոն դատարանը (տեսանյութ)

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան։

Ըստ նախագծի՝ առնվազն 25 դատավորից կազմված դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Մյուս 20-ր զբաղվելու են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությամբ։ Նախատեսվում է ստեղծել  նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որը կունենա 10 դատավոր, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում։

Այս թեմայով հրավիրված հանրային քննարկման ընթացում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը շեշտեց՝  պետք է աշխատել այս դատարանի անդամների անկախության երաշխիքների վրա, որովհետեւ ըստ նրա՝ այստեղ ոչ պատշաճ դատավորներ ունենալու դեպքում գործընթացը տանուլ կտրվի։

Զադոյանը հիշեցրեց՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան, հետագայում նաեւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան շուրջ 10 տարի առաջարկում էր ստեղծել հակակոռուպցիոն դատարան և այսպիսով, ըստ նրա, առաջին քայլն արված է: 

Ինչ վերաբերում է գործընթացի շուրջ հնարավոր մարտահրավերներին, ըստ Զադոյանի՝ դրանցից  ամենակարեւորը կադրերի ճիշտ ընտրությունն է։

Նրա խոսքով՝ եթե ձախողենք կադրային քաղաքականությունը, ձախողելու ենք նաեւ հանրային սպասումներն արդարացնելը։ 

 Զադոյանը շատ կարևոր է համարում նաև այս գործընթացի թափանցիկությունը եւ հանրային մասնակցությունը. 

«Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա տեղյակ լինելու բոլոր գործընթացներից, այդպիսով կփարատվեն նրանց կասկածները»: 

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն իր հերթին վստահեցրեց՝ բոլոր դատավորներն ընտրվելու են բաց մրցույթի արդյունքում, մրցույթին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ 

Գալյանը նաև վստահեցրեց՝ դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից.

 «Նախագծերի համատեքստում հիմնական շեշտադրումը հետևյալն է. բոլոր դատավորները պետք է ընտրվեն բաց մրցույթի արդյունքում: Այսինքն՝ մենք կազմակերպելու ենք մրցույթ, որի արդյունքում բոլոր դատավորների թեկնածուները կանցնեն այդ ֆիլտրի միջով: Ընդ որում, ֆիլտր ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն՝ մրցութային փուլերը, այլ՝ բոլոր դատավորները պետք է անցնեն բարեվարքության ստուգումով՝ նախապես իրենց կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկի հիման վրա»,- նշեց Սրբուհի Գալյանը:

Փոխնախարարը համոզմունք հայտնեց՝ այսպիսով մենք կունենանք որակապես ավելի բարձր դատարան: