Բացել լրահոսը Փակել լրահոսը
դավիթ Սանասարյան
A A
Քաղաքականություն

Երբ Արսեն Թորոսյանը գա դատարան՝ որպես վկա հարցաքննության, Դավիթ Սանասարյանը նրան անակնկալ հարցեր ունի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ 

Նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Բալայանը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը վերահաստատեց իր փաստաբանի այն պնդումները, թե ԱԱԾ-ն հետևել է իրեն տևական ժամանակ։

Սանասարյանը հավելեց, որ ԱԱԾ-ն մեծ ջանքեր է գործադրել, և մի ստորաբաժանումը մյուսին հայտնել է, որ որևէ բան գտնել չի հաջողվել, մինչդեռ կեղծ տեղեկատվություն էին տարածում, թե ինքը նվերներ է ստացել և այլն։

Ինչ վերաբերում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթին, Սանասարյանը հիշեցրեց՝ ինքն այդ մասին վաղուց է ասել

«Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, իմ աշխատակիցներին կհանձնարարեի ուսումնասիրել և տեսնել՝ ինչ է կատարվում, ինչպես ստացվեց, որ  նախարարը մեկ անձի գնումով 170 մլնի գործարք է կնքում մի կազմակերպության հետ, որի ղեկավարն իր կինն է։ Այստեղ Դատախազությունը անելիք ունի, թող իրենք որոշեն՝ ԱԱԾ-ն անելիք ունի, թե ոչ»։

Դավիթ Սանասարյանը նաև հավելեց՝  Արսեն Թորոսյանը երբ գա դատարան՝ որպես վկա հարցաքննության, նրան անակնկալ հարցեր ունի։

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ակտիվությանը և նախկին ղեկավարների հետ հանդիպելու վերաբերյալ հայտարարություններին, Սանասարյանն ասաց

«Քաղաքականության մեջ մի սկզբունք կա՝ սկզբունք ունենալն է, ես նորակոչիկ քաղաքական գործիչներին խորհուրդ կտամ սկզբունքը պահել, եթե մարդը նախ հայտարարում է, որ մարդիկ կոռուպցիոներ են, կաշառք են վերցրել և այլն, հետո ասում է՝ կհամագործակցի նրանց հետ, ես կարծում եմ այդ մարդը իր քաղաքական ուժով խնդիր ունի ժողովրդի հետ»։

Սանասարյանի համար պարզ է՝ նախորդ իշխանությունը ռևանշի է գնում

«Մերժված Սերժ Սարգսյանը կրկին ակտիվացել է, ես իրենց գործելաոճը բնութագրում եմ ոհմակային գործելաոճ, տեսնում են, որ խնդիր գոյություն ունի պետության հետ, այսինքն՝ կա համաճարակային իրավիճակ, որը բոլորին կարող է սպառնալ, այդ պահին իրավիճակից օգտվում են, կեղծ լուրեր են տարածում ու փորձում են մարդկանց մեջ հիասթափություն առաջացնել։ Պարզ է, որ նախորդ հանցավոր ռեժիմը, որին ժողովուրդը մերժել է, փորձում է վերադառնալ»։

Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը չի մոռացել և երբեք չի մոռանալու նախորդ իշանության գործողությունները։