Ում է ենթարկվելու ոստիկանապետը․ բարեփոխումներ ոստիկանությունում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր համազգեստով, նոր մեքենաներով, կիրթ ու բարեհամբույր.
Իշխանությունների ներկայացմամբ այսպիսին կլինեն պարեկային ոստիկանները, որոնք Երևան քաղաքում ծառայության կանցնեն 2021թ. գարնանը, իսկ 2022թ.-ից՝ արդեն մյուս մարզերում
Նոր ծառայությունը փոխարինելու է Ոստիկանության երկու ստորաբաժանումներին` Պարեկապահակային ծառայությանն ու Ճանապարհային ոստիկանությանը։
Պարեկային ոստիկանները պետք է ապահովեն հասարակական կարգն ու անվտանգությունը, հայտնաբերեն, կանխեն կամ նախականխեն հանցագործություններն ու վարչական իրավախախտումները։
Ստեղծվելու է Օպերատիվ կառավարման կենտրոն, որը ՋՊՍ համակարգի և ժամանակակից այլ տեխնիկական միջոցների ներդրմամբ համակարգելու է պարեկային ծառայողների աշխատանքը:
Նոր պարեկայն ծառայությունը ներդնելու համար նախ օրինակ է հանդիսացել հարևան Վրաստանի մոդելը: Ուսումնասիրել են նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը: Վրաստանի վարդերի հեղափոխությունից հետո այդ երկիր այցելած մեր քաղաքացիները միշտ գովասանքով են խոսել վրացի ոստիկանների մասին:
Պարեկային ծառայության ստեղծումը, սակայն, Ոստիկանության բարեփոխումների առաջին քայլն է: Նախատեսում է վերջնաարդյունքում՝ 2022թ. ավարտին ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որտեղ Ոստիկանությունը կլինի որպես առանձին ստորաբաժանում: Նախարարության կազմում հնարավոր է ընդգրկվի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը: