Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վրաստան․ Աղետ Ռաճայի շրջանում. բնակչությանը տարհանում են (տեսանյութ)

Վրաստանի Ռաճայի տարածաշրջանում հորդառատ անձրևների պատճառով վարարել է Ռիոնի գետը. վնասվել են մի շարք կամուրջներ, մայրուղին, և ջուրը քշել է էլեկտրահաղորդիչ սյուները: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը:

Ըստ տեղեկության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ աղետի գոտի են մեկնել վարչապետի տարածաշրջանային զարգացման հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալներ Իրակլի Կարսելաձեն և Իլյա Բեգիաշվիլին, ինչպես նաև Միավորված ջրամատակարարման ընկերության տնօրեն Գիգա Մանդարիան, գրում է Aliq.ge-ն։

Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Անձրևների և գետերի հունից դուրս գալու հետևանքով վնասվել են ճանապարհներն ու բնակելի տները: Ըստ Օնիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Չիքվաիձեի, հիմնականում վնասվել է ենթակառուցվածքը, սակայն աղետը վնաս է հասցրել նաև մի քանի ընտանիքների: Այս մասին տեղեկացնում է Jenws.ge-ն։

«Դժբախտաբար, վնասը ավելի մեծ տարածք է ընդգրկում, երեկվա համեմատ: Երբ գնում ենք Զեմո Ռաճա, այս ուղղությամբ ճանապարհը զգալիորեն վնասված է: Ինչ վերաբերում է վնասին, ապա այն բավականին մեծ է, որը հիմնականում ընդգրկում է ենթակառուցվածքային օբյեկտները, դրանցից մի քանիսը տներ են: Մենք ճշգրիտ տեղեկություններ չունենք», – հայտարարել է Դավիթ Չիքվաիձեն:

Ըստ նրա՝ վտանգ է սպառնացել երկու ընտանիքի, քանի որ գետը գտնվում էր նրանց տան հարևանությամբ, և փրկարար ծառայությունը նրանց տեղափոխել է անվտանգ տարածք: