Դատի ենք տալու Արայիկ Հարությունյանին և ԳԹԿ-ի պաշտոնատար անձանց. ակցիայի մասնակիցներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարձր բալեր հավաքած, բայց բուհ չընդունված դիմորդները պահանջում են հնարավորություն տալ ուսանող դառնալու։ Բողոքի հերթական ակցիան կառավարության շենքի մոտ էր։ Նրանց աջակցելու էին եկել ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները։ Իրենց խոսքով՝ ձևավորված է կրթության հանդեպ ոչ ճիշտ վերաբերմունք։ Իրենք ավելի վաղ պահանջել ու հիմա էլ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը, ով բազմիցս ձախողել է և ապացուցել, որ այդ պաշտոնը իր համար չի։
Ոստիկանության աշխատակիցները միջամտելով՝ պահանջեցին ՀՅԴ երիտասարդներին լքել տարածքը, քանզի իրենք քաղաքական հայտարարություններ են անում, այս կերպ դարձնում ակցիան ցույց, որն արտակարգ դրության պայմաններում արգելված է։
Բողոքող դիմորդներին ու ծնողներին էլ հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորությունը։ Երիտասարդները ոստիկանների պահանջը համարեցին անհիմ, սակայն ավելի ուշ հեռացան։
Բողոքի ակցիայի մասնակիցները նպատակ ունեին հանդիպելու վարչապետի հետ։ Դիմորդների հավաստիացմամբ՝ իրենք նոր ձևաչափի մասին տեղեկացված չեն եղել.
««Dimord.am» կայքում նշված է եղել, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտում լրացված մասնագիտությանը, սակայն դա չի նշանակում, որ բարձր բալեր ստանալով մենք ոչ մի տեղ չենք ընդունվելու,- նշում է ակցիայի մասնակից դիմորդներից մեկը,- մեզնից շատերն էլ ընդունվել են այնպիսի տեղեր, որտեղ չեն ուզում ընդունվել»։
Ավելի վաղ ԿԳՄՍ-ից և ԳԹԿ-ից հայտնել էին, որ փոփոխությունները նպաստում են մասնագիտության հարցում ճիշտ ընտրությանը և նոր ընթացակարգերի մասին իրազեկում եղել է։ Նրանք նշել են՝ դուրս մնացած դիմորդների համար հավելյալ տեղեր չեն կարող հատկացվել, այնուհանդերձ հնարավորություն ունեն դիմել թափուր մնացած տեղերի մրցույթին։
Հարցին՝ ինչու չեն մասնակցում ընդունելության երկրորդ փուլին, դիմորդները նշում են, թե թափուր մնացած տեղերը շատ քիչ են, իրենց նախընտրած մասնագիտություններն էլ չկան։
Դիմորդների ծնողները փաստում են՝ խախտվել է իրենց երեխաների սահմանադրական իրավունքը, եթե որևէ կերպ հարցը չլուծվի՝ չեն դադարեցնելու պայքարը, դիմելու են դատարան ընդդեմ Արայիկ Հարությունյանի։
Կառավարությունից որևէ արձագանք չստանալով՝ ակցիայի մասնակիցները շարժվեցին ԿԳՄՍ նախարարություն՝ նպատակ ունենալով հանդիպել նախարարի հետ, հանդիպման չկայանալու դեպքում նամակ փոխանցել փոխնախարարին։ Ոստիկանության աշխատակիցներն այս անգամ պահանջ ներկայացրին անմիջապես դադարեցնելու ակցիան, այլապես ուժի կիրառմամբ մասնակիցները բերման կենթարկվեն։ Դիմորդների ծնողներն ու ոստիկանները համաձայնության եկան՝ թույլատրել նամակի փոխանցումը, որից հետո դադարեցնել ցանկացած տեսակի միջոցառում։
Նամակի փոխանցումից հետո դիմորդների ծնողները հանդիպեցին նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հետ, որբ իրենց խոսքով կառուցողական է տրամադրված, վաղը կրկին կլինի հանդիպում։
Այնուամենայնիվ. ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ հանդիպումներ պետք է ունենան պատգամավորների հետ։