Բացել լրահոսը Փակել լրահոսը
տարոնն
A A
Քաղաքականություն

Այն, ինչ կատարվում է հիմա ՍԴ-ում, կարելի է համարել ճգնաժամային իրավիճակ․ Տարոն Սիմոնյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որը հրաժարվել էր ստորագրել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ա1+»-ի հետ զրույցում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի ստորագրմանը, ասաց՝ քանի որ նախագահը չէր ստորագրել և չէր դիմել ՍԴ, ենթադրվում էր, որ համապատասխան ժամկետի ավարտից հետո, ըստ օրենքի, ստորագրելու էր ԱԺ նախագահը․

«Ենթադրում եմ՝ համապատասխան անհատական ակտեր կլինեն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, ու այդ դատավորները արդեն հնարավորություն կունենան այդ անհատական իրավական ակտերը վիճարկել դատական կարգով»։

Սիմոնյանի խոսքով՝ դատավորների նկատմամբ համապատասխան անհատական ակտերի հրապարակումից հետո, երբ ՍԴ դատավորները կհամարվեն աշխատանքից ազատված,  արդեն այդ պարագայում Սահմանադրական մարմինները հնարավորություն կունենան առաջադրել թեկնածուներ։

«Ա1+»-ի հարցին, թե ՍԴ-ում այս պահին ստեղծված իրավիճակը, երբ քվորում չկա, նիստեր չեն կայանում, ինչի՞ հետևանք է, Սիմոնյանն ասաց

«Ընդհանրապես մեկ-երկու տարի, երբ անընդհատ խոսոմ էին ՍԴ ճգնաժամերի մասին, նման ճգնաժամ գոյություն չուներ, իսկ այն, ինչ կատարվում է հիմա ՍԴ-ում, կարելի է համարել ճգնաժամային իրավիճակ, բայց թե ով է մեղավոր, բոլորս էլ հասկանում  ենք, որ  մեղավոր են այսօրվա նման քաղաքականություն իրականացնող ուժերը»։

Սիմոնյանը հավելեց՝ եթե Սահմանադրական փոփոխությունները լինեին, նման իրավիճակ ՍԴ-ում չէր առաջանա։

Հիշեցնենք՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ում ստեղծված այսօրվա  իրավիճակը Սահմանադրական դատարանի երկու դատավորների  արձակուրդ գնալու պատճառով է, ոչ թե ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների։