Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Լրագրողների իրավունքների խախտումների առումով երկրում իրավիճակը մտահոգիչ է. ԽԱՊԿ (տեսանյութ)

Մամուլի ազատության միջազգային վարկանիշում Հայաստանը պահպանել է իր դիրքերը, սակայն լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների առումով երկրում իրավիճակը մտահոգիչ է։

2020թ․ երկրորդ եռամսյակում, ի տարբերություն նախորդի, արձանագրվել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն գրանցել է 2 դեպք, որոնց ժամանակ տուժել է առնվազն 6 լրագրող։ Դրանք տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կազմակերպած ակցիաների ժամանակ, երբ առաջ է քաշվել կառավարության հրաժարականի պահանջը։ Լրագրողական կազմակերպություններն այս առիթով հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ։
Ինչ վերաբերում է կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում լրագրողական գործունեության սահմանափակումներին, որոնք մտցվել էին առաջին եռամսյակում և գրաքննության էին նմանվում, երկրորդ եռամսյակի հենց սկզբում դրանք հանվել են։ Այնուամենայնիվ, ԽԱՊԿ-ը գրանցել է 1 դեպք, երբ ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցել լրատվամիջոցի նկատմամբ՝ կորոնավիրուսային թեմայով հրապարակման առնչությամբ։
    Տարատեսակ ճնշումների ընդհանուր թիվը դիտարկվող ժամանակահատվածում 34 է։ Լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի քանակը 23 է․ մեկ դեպքում լրագրողը դիմել է դատարան՝ տեղեկության ստացման իրավունքի խախտման արդյունքում, իսկ 22 հայց ընդդեմ լրատվամիջոցների է ներկայացված՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով․ սա 10-ով ավել է նախորդ եռամսյակի տվյալներից։ Այսինքն՝ երկրորդ եռամսյակում պահպանվել է ԶԼՄ-ների ու լրագրողների դեմ ներկայացվող հայցերի թվի աճի միտումը։ Սա մտահոգիչ են համարել նաև «Ֆրիդոմ հաուզ» և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում։ Երկու կազմակերպություններն էլ, թեև հաստատել են խոսքի ազատության բարվոք մակարդակը հետհեղափոխական Հայաստանում, սակայն տագնապալի են համարել լրատվական դաշտի բևեռացվածությունը․ Հայաստանում լրատվամիջոցները զերծ են պետական վերահսկողությունից, սակայն կախման մեջ են իրենց սեփականատերերից։

Այս առումով խիստ հրատապ է ԶԼՄ-ների սեփականության թափանցիկության ապահովման հարցը։ Դրա լուծումները պետք է առաջադրվեն նախ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, որի կատարելագործման համար խորհրդարանում ստեղծվել է աշխատանքային խումբ, ապա՝ նաև հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ։

Ապրիլի 27-ին Ազգային ժողովի երեք պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը։ Այն արժանացել է լրագրողական կազմակերպությունների սուր քննադատությանը, քանի որ միտված չէ ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն և չի նպաստելու առկա խնդիրները լուծելուն։ Ու թեև ԽԱՊԿ-ն օրինագծի հեղինակներին մոտ 35 լրացումների ու փոփոխությունների առաջարկություններ է ներկայացրել, կազմակերպությունը համարում է, որ փաստաթուղթը հայեցակարգային վերափոխման կարիք ունի։ Այդուհանդերձ, հունիսի 18-ին խորհրդարանը նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Դիտարկվող ժամանակահատվածում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում շարունակվել է լայնորեն կիրառվել թե ատելության խոսքը, թե ապատեղեկատվությունն ու տարատեսակ մանիպուլյացիաները՝ ներքին ու արտաքին քաղաքական, ինչպես նաև՝ կորոնավիրուսային համավարակին առնչվող թեմաներով։ Իրավիճակը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետը հունիսի 12-ին հայտարարել է կառավարության աշխատակազմում իր հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբի մասին, որը տարածվող ապատեղեկատվության աղբյուրները պետք է ուսումնասիրի։ Խնդիրը նաև խորհրդարանի ուշադրության կենտրոնում է եղել․ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քաղհասարակության ներկայացուցիչների հետ այս եռամսյակի ընթացքում շարունակել է ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբի քննարկումները, որոնք օրենսդրության բարեփոխումների նպատակ ունեն։ Իսկ ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզի համար, խորհրդարանն ապրիլի 15-ին ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Դիտարկվող ժամանակահատվածում իշխանությունները սոցցանցերի միջոցով ամենօրյա ուղիղ կապի մեջ են եղել հանրության հետ, իսկ երկրի վարչապետը մայիսի 16-ին տվել է իր հերթական 5 ժամանոց ասուլիսը՝ պատասխանելով շուրջ 70 հարցի։ Այդուհանդերձ, պետական մարմինների պաշտոնական տեղեկատվությունը ոչ միշտ է ժամանակին և ամբողջական հասանելի լինում լրատվամիջոցներին, ինչը հարուցում է վերջիններիս դժգոհությունը։ Երկրորդ եռամսյակի ընթացքում ԽԱՊԿ-ը գրանցել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 26 դեպք։

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաեւ ինֆոգրաֆիկաների տեսքով` ԱՅՍՏԵՂ