Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Աստծուց խնդրանք ունեն. լճաշենցիներն աղոթում են առանց տանիքի եկեղեցում

Կիկլոպյան կառույցներով, Արգիշտի առաջինի սեպագիր արձանագրությամբ ու պատմամշակութային այլ բազմաթիվ արժեքներով հայտնի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում բնակիչներն այսօր մեկ միասնական ցանկություն ունեն՝ գյուղում ունենալ եկեղեցի։

Հենց դրա համար լճաշենցիները հավաքվել էին 7-րդ դարի խոնարհված Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, ինչպես իրենք են սիրում կոչել՝ «Ժամում», առ Աստված աղոթք հղելու  և օրհնություն խնդրելու, ինչպես մեզ փոխանցեցին նրանք։

Ծնունդով լճաշենցի Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանի ձեռամբ բաց կտուրի տակ անցկացվեց ժամերգություն, որից հետո  քահանան իր խոսքն ուղղեց հավաքվածներին

«Յուրաքանչյուր օր, երբ այս խոնարհված, առանց տանիք եկեղեցում  լճաշենցիները հավաքված են աղոթում, նշանակում է, որ Աստծուց խնդրանք ունենք, ինչպես նաև Աստծու և մեր նախնիների նկատմամբ պարտականություն ունենք, որ այս եկեղեցին պետք է գործի։ Լճաշենցին պիտի ունենա իր եկեղեցին, որտեղ նա կկարողանա աղոթել, իր երեխային իր եկեղեցում մկրտել»։

Եկեղեցի ունենալու անհրաժեշտության մասին քննարկումները նոր չէ, որ սկսվել են, 2013-ին Սուրբ Հռիփսիմեից մի քանի մետր այն կողմ գցվեցին Սուրբ Աստվածածնի հիմքերը, այսօր շինարարական աշխատանքները դադարեցված են ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ  2015-ին Հայաստանի պատմության թանգարանում երևանաբնակ լճաշենցիների համաժողովին ևս այս հարցը քննարկվել է, այն ժամանակ դեռ այս գաղափարով ոգևորված էր նաև  վերջերս մահացած լճաշենցի գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հարությունյանը, ում հիշատակին ժամերգության ավարտի հոգեհանգստի տուրք մատուցվեց։

«Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Պապին Մուրադյանն պատմում է՝ արտերկում բնակվող լճաշենցիները հաճախ խոստովանում են, որ կարոտում են «Ժամի» նույնիսկ քարերին

«Նկարում ենք, տեղադրում, փորձում այստեղ մաքրություն իրականացնել, վերջին շրջանում առավել ակտիվ են արտերկրում բնակվող լճաշենցիները, նրանք պարբերաբար հետաքրքրվում են, զանգում ու իրենց աջակցությունը հայտնում եկեղեցաշինության գործին, նաև արդեն համայնքներում կազմակերպված գործունեություն են իրականացնում, նրանց դրական արձագանքը հասնում է հայրենի Լճաշեն, ինչն ավելի է ոգևորում աշխատանքներն իրականացնող թիմին»,-ասում է Մուրադյանը։

Եկեղեցաշինության նպատակով «Լճաշենցիների միավորում» հասարակական կազմակերպությունը բացել է հաշվեհամար, բացի այս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետները՝ Մերի Դանիելյանի գլխավորությամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցում ուսումնասիրման եւ չափագրման աշխատանքներ են կատարել, առաջիկայում նրանք մասնագիտական կարծիք կհայտնեն, և ի վերջո գյուղացիները կստանան իրենց հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ վերականգնե՞լ Սուրբ Հռիփսիմեն, թե՞ շարունակել Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը

«Ես սրտանց ուզում եմ՝ էս եկեղեցին վերակառուցվի»,-ասում է գյուղի բնակիչ Ջանշիկ Հովհաննիսյանն ու մատնանշում Սուրբ Հռիփսիմեն: Հովհաննիսյանն ասում է, թե տարիներ առաջ չեն գիտակցել եկեղեցու զորությունը, հիմա ափսոսում են։

Գյուղացիները համոզմունք ունեն՝ եկեղեցու կառուցումն էլ ավելի կհամախմբի իրենց։ Գյուղի բնակիչ Մելիք Ներսիսյանը պնդում  է՝ եկեղեցի ունենալը գյուղին ավելի քան անհրաժեշտ է

«Լճաշենցիները կիլոմետրեր են կտրում եկեղեցիներ գնալու, աղոթելու համար, բնակչությունը ձգտում է դեպի եկեղեցի»։

«Իմ քայլը» հիմնադրամի մարզերի մշակութային տների արդիացման ծրագրի մենթոր Էկա Հորստկայի խոսքով՝ Սուրբ Հռիփսիմե խոնարհված եկեղեցու շուրջ քննարկումներն ակտիվացել են ծրագրի շրջանակներում իրենց այցից հետո

«Այցի ընթացքում ես ցավով արձանագրեցի, որ շատ բարձիթողի վիճակում է եկեղեցին, հարցուփորձով պարզեցի, որ եկեղեցու կողքը մեկ տարի առաջ պատարագ է եղել։ Ոգևորելով թե՛ կամավոր երեխաներին, թե՛ բնակիչներին՝ կազմակերպեցինք շաբաթօրյակ, ինչին սրտացավորեն բոլորը մասնակցեցին՝ «Իմ քայլը» հիմնադրամի իմ թիմակիցները, գյուղացիները, կամավորները, մշակույթի տան աշխատակիցները։ Մենք պարզապես գյուղացիների ուշադրությունն ենք հրավիրել առ այն, որ իրենց գոհարը մնացել է եղինջի տակ»։

Ծրագրի մենթորը աշխատում է նաև սահմանամերձ Խաչիկ գյուղում, առաջիկա պլանների մասին խոսելիս անկեղծացավ․

«Նախատեսում են Լճաշեն հրավիրել նաև Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ տեր Հովհաննեսին, որպեսզի մեկ ընդհանուր պատարագ արվի»։

Գյուղի ուղիղ կենտրոնում գտնվող կիսաքանդ Սուրբ Հռիփսիմեն գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը, այսօր արդեն այն չի գործում, գյուղում պատարագներ ու ժամերգություններ չեն անցկացվում, զանգեր չեն հնչում, մինչդեռ գյուղացիները պնդում են՝ ունեն դրա կարիքը։