«Նեմրան» դեռ միայն սկիզբն է, պատրաստվում է չինացիներին «թամզարա» պարեցնել
Աջակցիր «Ա1+»-ինՉինացի փոքրիկները միանգամից աշխուժանում են, երբ ուսուցչուհին միացնում է «Նեմրայի» երգերը։ Հայկական ռոք խմբի երաժշտությանը նրանց ծանոթացրել է անգլերենի ուսուցչուհին, որը եկել է Հայաստանից։ Մասնագիտությամբ արվեստաբան Ռուզան Տեր- Խաչատրյանն արդեն մեկ տարի է Չինաստանի Ցիդոնգ քաղաքում աշխատում է երեխաների հետ․ խաղերի, երգերի և այլ մեթոդների միջոցով անգլերեն է սովորեցնում։
«Ա1+»-ի հետ զրույցում Ռուզանը պատմում է, որ այս աշխատանքի մասին իմացել է ընկերներից, ովքեր մի քանի տարի արդեն բնակվում ու աշխատում են այնտեղ։
«Նրանց օգնությամբ ծանոթացա չինացի աշխատանքային գործակալների հետ, ովքեր օնլայն հարցազրույց կազմակերպեցին մանկապարտեզի ղեկավարության հետ և արդյունքում ինձ ընդունեցին: Աշխատանքային վիզան պատրաստ լինելուն պես՝ ընկերուհուս հետ եկա»,-ասում է նա։
Հայաստանում դասավանդման փորձ չի ունեցել, սակայն արդեն լավ «լեզու է գտնում» երեխաների հետ․ «Երեխաները հիմնականում շատ խելացի են, ծնողների ներդրումն ու հետևողականությունը շատ մեծ է․ նրանք ամեն բան անում են, որ վաղ տարիքից երեխաները սովորելու հանդեպ հետաքրքրություն և սեր ունենան»։
Ռուզանը խոստովանում է, որ սկզբում Չինաստանն իր համար անսովոր «աշխարհ» էր, որտեղ հարմարվելը դժվար էր։ Չինարեն չիմանալն այդքան բարդություն չի առաջացրել․ օգնել են անգլերեն իմացող գործընկերները։ Բայց այլ խնդիրներ են եղել․
«Մեզ համար սովորական թվացող սոցիալական ցանցերից օգտվելն ուղղակի արգելված է այստեղ։ YouTube, Facebook, Instagram և այլ հարթակներ չեն գործում։ Այստեղ ունեն սեփական՝ չինական տարբերակը և դրանք են օգտագործում»։
Սննդին դժվարությամբ, բայր հարմարվել է․ նշում է՝ ոչ թե վատն է, այլ պարզապես մեր քիմքին շատ անսովոր թվացող համեր էին։ Ասում եւ ժպտում է՝ խոսքը չղջիկների մասին չէ․ «Կոնկրետ իմ քաղաքը շատ մոտ է ծովին, ծովամթերք շատ ենք ուտում։ Մարդիկ սիրում են հավի, բադի միս, նաև շատ միրգ են օգտագործում»։
Այնպես չէ, որ օտարերկրացիներին Չինաստանում արագ «հարմարվում են»։ «Մարդիկ մոտենում են մեզ՝ ոչ ասիական արտաքինով աղջիկներիս, խնդրում նկարվել իրենց հետ կամ իրենք են նկարում, ուշադիր նայում՝ ինչ գնումներ ենք անում։ Մենք շատ ուրիշ ենք նրանց համար, և դա չեն թաքցնում»,֊ասում է Ռուզանը։
Նա չինացիներին բնորոշում է «ֆանտաստիկ հայրենասեր» բառակապակցությամբ: Ասում է՝ աշխատում են գնել միայն սեփական երկրի արտադրանքը:
«Ամենաապշեցնող բանը, որ իմացա վերջերս իմ չինացի գործընկերներից, որ ցանկացած գործատու յուրաքանչյուր աշխատողի համար ամսական գումար է փոխանցում՝ բնակարան ձեռք բերելու համար»,- կիսվում է նա։
Կորոնավիրուսի համավարակի օրերին չինական կարգապահությունը նրան հիացրել է։ Իր բնակության քաղաքում սահմանափակումները սկսվել են հունվարի 25-ից՝ չինական նոր տարուց հետո։
«Միանգամից փակվեցին բոլոր խանութները, բացառությամբ 3 խոշոր մթերային խանութների, որտեղից երկու շաբաթը մեկ գնում էինք սնունդ գնելու։
Փակվեցին բոլոր ճանապարհները, յուրաքանչյուր շենքի բակում հատուկ պահակակետ դրվեց, և միայն շենքի բնակիչներին էին թույլատրում ներս մտնել»,- պատմում է նա։
Ռուզանը հեռավար չի աշխատել, այդ ընթացքում կառավարությունը փոխհատուցել աշխատավարձի կեսի չափով՝ ամսական ծախսերը հոգալու համար։
Ապրիլի 7-ից սկսել են տանից դուրս գալ՝ պարտադիր դիմակներով, թույլատրվել է աշխատանքի գնալ։
Կոնկրետ այն քաղաքում, որտեղ ինքն է ապրում, հունիսից արդեն դիմակ կրելը պարտադիր չէ, բայց գրեթե ամեն օր մանկապարտեզում ստուգումներ են իրականացվում պետական մարմինների կողմից։ Վերջին 40 օրվա ընթացքում իրենց մոտ կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել։
(Նկարում՝ այսպես է բաժանված սեղանը ճաշի ժամին)
Ռուզանը վստահեցնում է, որ չինացիների համար դիմակ կրելը կարծես կենցաղի մի մասն է դարձել․ հատկապես Պեկինում օդը շատ աղտոտված է և առանց դիմակ գրեթե դուրս չեն գալիս։
Չինացիներից չիպավորման կամ վիրուսի արհեստածին լինելու մասին որևէ խոսակցություններ չի լսել, ասում է՝ այդ մասին Հայաստանի բարեկամներից է լսել և շատ զարմացել, որ կան դիմակ չկրելու կոչեր, վիրուս չլինելու պնդումներ։
Աշխատանքային պայմանագիրը մեկ տարով էին կնքել, սակայն պատրաստվում է երկարացնել․ «Չինաստանն իրոք շատ եմ սիրում և շատ հարմարվել եմ: Դեռ 2 տարի հաստատ ուզում եմ մնալ, բայց Հայաստանն ու ընկերներիս, հարազատներիս շատ եմ կարոտում»։
Ռուզանի աշխատանքը սկսվում է երեխաներին դարպասների մոտ դիմավորելուց։ Դասից առաջ պարտադիր նախավարժանք է, որը համադրել է պարային շարժումներով։ Նա «ԱԿՆ» պարի խմբում է պարել։ Ասում է՝ պատրաստվում է չինացի երեխաներին սովորեցնել «թամզարա» հայկական պարը։