Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 8-ը հուլիսի․ Շողեր Մաթեւոսյանը Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել եւ տապալել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)

1993-ի այս օրերին Հայաստանում առեւտուրը դեռ իրականացվում է խորհրդային ռուբլիով։ Սեւ շուկայում այն ձեռքից ձեռք անցնելով հարստացնում է ոմանց եւ աղքատացնում ուրիշներին։ Այդ օրերին Հայաստան է մտնում նաեւ ռուսական ռուբլին, բոլորովին նոր երեւույթ հայկական ֆինանսական շուկայում՝ 10 հազար ռուսական ռուբլին արժե 12-13 հազար խորհրդային ռուբլի, շփոթված է նույնիսկ դոլարը, ինքը ռուսական ռուբլիով դեռ իր գինը չգիտի։ Շփոթված է նաեւ բենզինը եւ շուկայի մյուս ապրանքները, որոնք թանկանում են միանգամից 8 հազար ռուբլի միջին աշխատավարձ ունեցող երկրում։ Կիլոգրամ կարագն ու 20 լիտր բենզինն արժե 3 հազար ռուբլի, իսկ մեկ կիլոգրամ լոլիկը՝ 500 ռուսական ռուբլի։ Սակայն սոցիոլոգիական հարցումներով փողը հայի համար ամենաէականը չէ, այլ՝ տունը, ընկերները եւ խաղաղ կյանքը։

1998-ի հուլիսի 8-ին կառավարությունը հույսի նոր աղբյուր է բացահայտում՝ հավանական է, որ հայկական ապրանքներն արտահանվեն հյուսիսամերիկյան, մասնավորապես կանադական շուկա ։ Հարցն այն է, թե մեր տեքստիլի կամ հաստոցների արտադրության չափանիշներով հնարավոր կլինի՞ գոհացնել կանադացիներին։ Ազգային Ժողովն ուզում է փոխել Հայաստանի մաքսային օրենսդրությունը։ Մինչ այդ 1998-ի հուլիսի 7-ին լսում են ներմուծումով զբաղվող գործարարներին, որոնք ակնարկում են, որ իշխանությունը թալանում է իրենց։ Ըստ նրանց, սա մի ոլորտ է, որտեղ մեծ է կամայականությունը՝ իշխանությունն ինչ ուզում՝ անում է։

1999-ի այս օրը Մայր Աթոռի բակում հողին է հանձնվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգի Առաջինի մարմինը։ Նրան հուղարկավորեցին Վազգեն Առաջինի հարեւանությամբ։ Հուղարկավորությանը ներկա են Վատիկանի, ղպտի, վրացական, ռուսական եւ այլ քրիստոնեական ուղղությունների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հալեպի Շեյխը։ 2001-ի հուլիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանը ոգեւորված խոսում է պետեկամուտների նախարարությունից՝ այն 100 տոկոսով ապահովում է պետական բյուջեի մուտքերը։ Սակայն ընդամենը մեկ օր առաջ նախարարի պաշտոնից ազատել էր Անդրանիկ Մանուկյանին։ Փոխարենը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձնապես ոգեւորված չէր պետեկամուտների նախարարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանի գործելաոճից։ Վերջինիս օրոք արձանագրվել է ներմուծման ծավալների անկում։ Պետեկամուտների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանը կզբաղվի հարկերի հավաքագրմամբ, սակայն մաքսային ոլորտից հեռու կլինի։ Ըստ նրա, դրանք վաղուց պետք է տարանջատվեին ։

«Շամիրամ» կուսակցության դիտարկմամբ Հայաստանի քաղաքացիները երկիրը լքում են, որովհետեւ չգիտեն, թե մնալով ինչ անեն։ Կուսակցության նախագահ Շողեր Մաթեւոսյանը 2001-ի հուլիսի 8-ի համագումարում Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել եւ տապալել Ռոբերտ Քոչարյանին, ցանկալի է՝ սահմանադրական եղանակով։  «Նաիրիտի» աշխատակիցները 18 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը եւ պահանջում են տնօրենին ։ Տնօրեն Աշոտ Բրուտյանը պարզաբանում է՝ աշխատում ենք վնասով, դրա համար էլ աշխատավարձ չենք տալիս։ 2002-ի հուլիսի 8-ին խորհրդարանն ու կառավարությունը տարակարծիք են մահապատժի վերացման հարցում։

Արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ «եթե մենք ազգովի որոշել ենք մաս կազմել եվրոպական ընտանիքին,ապա մահապատժի վերացման հարցում երկու կարծիք չի կարող լինել, որովհետեւ Եվրախորհրդի 43 անդամներից 41-ը արդեն վերացրել են մահապատիժը: Մնացել են Հայաստանը եւ Ռուսաստանը»։

2005-ի հուլիսի 8-ին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությունից հստակ բացատրություն է պահանջում. վերավաճառվե՞լ, թե՞ չեն վերավաճառվել Հայաստանի բաշխիչ ցանցերը։ Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը ասում է, թե այդ կապակցությամբ կառավարությունն առայժմ որեւէ հայտարարություն չի արել: «Սա Հայաստանի տնտեսության ամենակարեւոր ոլորտներից է, սա ամենաշահութաբեր ընկերություններից մեկն է: Այն ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար, եւ, ես կարծում եմ, որ պետք է լինի մի պաշտոնական հայտարարություն, որով կասվի թե ընհանրապես ի՞նչ է տեղի ունենում»,-ասում է Ռոբինսոնը: «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը մեր երկրի համար հնարավորություն է»,-2009-ի հուլիսի 8-ին հայտարարում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ։ Նախարարը վստահ է, որ մենք ճգնաժամը հեշտությամբ կհաղթահարենք դոնոր կազմակերպությունների օգնությամբ։

2009-ի այս օրերին Հայաստանում ծիրանի բերքահավաք է ։ Գյուղացիները բերքից դժգոհ չեն, սակայն դժգոհ են իրացումից, փոքր Հայաստանի համար բերքը շատ է։  Հայաստանի պատմության թանգարանում 2010-ի այս օրերին ցուցադրվում է պատմության մեջ հայտնաբերված ամենահին կոշիկը, որը գտնվել է Արենիի քարանձավում ։ Այն 5 հազար 500 տարեկան է։ Ամբողջ աշխարհից Երեւան են գալիս տեսնելու մինուճար կոշիկը, որը 2 հազար տարով մեծ է եգիպտական 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնից։