Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դիմակով քննություն, անհանգիստ ծնողներ եւ մեծ մրցակցություն

Ոստիկանների  հսկողությամբ  Երևանի Նար-Դոսի անվան N14 հիմնական դպրոցի բակում ծնողները հերթով մոտենում են  դռան մոտ տեղադրված էկրաններին և հետևում  ներսում գտնվողներին։ 

Դիմորդները միասնական ընդունելության քննություն են հանձնում մաթեմատիկա առարկայից։  Քննությանը բոլոր դիմորդները դիմակներով  են  ներկայացել՝ ինչպես պարտադիր կարգն է։  Դպրոցի բուժքույր Կարինե Առաքելյանն ասում է՝  քննական հուզմունքին եւ դիմակներով քննություն  հանձնելուն  բոլոր դիմորդները «դիմացել են»։

Քննությունից առաջ բոլորին ջերմաչափել են, իսկ ընթացքում  էլ՝ որեւէ մեկի ինքնազգացողողությունը չի վատացել։

Գրեթե  բոլոր ուսանողները դուրս են գալիս  գրավոր քննությանը  հատկացված ժամանակի ավարտից հետո։ Քննությունը սկսվել էր 9.30-ին եւ տեւել երեք ժամ։

Անի  Սարգսյանն  առաջին դուրս եկողներից է ։  Ասում է՝   չի  շտապել եւ  գրել է բոլոր առաջադրանքները, թեեւ  դիմակով քննություն հանձնելն այդքան էլ հեշտ չէր։

 Սա միակ  առարկան է, որ Անին  հանձնում է  ԵՊՀ֊ի սոցիոլոգիա ֆակուլտետ  ընդունվելու  համար։  Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված մեկ քննությունն այս տարի բավարար է բուհ ընդունվելու համար։

«Մի կողմից լավ է, որ մեկ քննություն ենք հանձնում և կենտրոնացանք մի առարկայի վրա։ Սակայն  մյուս կողմից էլ մրցակցությունը իսկապես մեծ է լինելու»,- «Ա1+»-ին ասում Անին։

Նա հույս ունի, որ սեպտեմբերից  դասերը կանցկացվեն նախկինի պես. չէր ցանկանա, որ ընդունվելու դեպքում իր բուհական առաջին սեպտեմբերը լիներ հեռավար։

Դիմորդներից  Ռազմիկ Բարսեղյանը դիմել է ՀԱՊՀ կենսաբժշկական ճարտարագիտություն բաժին։   Ինքն էլ չէր ուզենա՝  հեռավար  լինի կրթությունը։ Կարծում է՝ այդպես արդյունավետ չի. այդ հասկացել է արդեն, երբ կրկնուսույցի մոտ հեռավար պարապել է։

«Կարծում եմ՝ անիմաստ էր հեռավար պարապելը, ինձ ընդհանրապես օգուտ չտվեց»,- նշում է  Ռազմիկը՝  ընդգծելով՝ ավելի շատ ինքնուրույն պարապելն է  իրեն հնարավորություն տվել այս քննությանը պատրաստ գալու։

Դիմորդները նշում են, որ այս տարվա քննության թեստը դժվար չէր, հարցերը իրենց ծանոթ էին շտեմարաններից։ Բոլորին անհանգստացնում է մեկ քննության պարագայում մեծ մրցակցությունը։

Հիշեցնենք, որ  13000 դիմորդներից  5 412 -ը հանձնում էր մաթեմատիկա առարկայից միասնական քննություն։