Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կենտրոնում 1 քմ հողի կադաստրային արժեքն ընդամենը 2585 դրամ է, կդառնա 330․000 դրամ․ Սուրեն Թովմասյան (տեսանյութ)

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չի ցանկանում անդրադառնալ Մոնումենտի շքեղ դղյակների գներին և դրանց համար վճարվող գույքահարկին։ Նա ասում է, անշարժ գույքի վերագնահատման և գույքահարկի բարձրացման օրենսդրական փոփոխությունը չեն արել միայն թանկարժեք առանձնատների գույքահարկը բարձրացնելու համար։

«Ա1+»-ի հետ զրույցում ԿԿ ղեկավարը նաև ասում է, թե ցանկանում են ողջ հանրապետության անշարժ գույքի կադաստրային արժեքը մոտեցնել, մոտարկել շուկայական արժեքին։ Իսկ դրանց տարբերությունը շատ մեծ է։ Օրինակ, Երևան քաղաքի կենտրոնում՝ առաջին գոտում հարկման բազայի համար հողի 1 քմ արժեքը գնահատվում է 2․585 դրամ, իսկ 1000 քմ-ի համար գանձվում է ընդամենը 25 հազար դրամ գույքահարկ։

Իսկ 2026թ․երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի գույքահարկի բարձրացման մասին օրենսդրական փոփոխությունը, կենտրոնում 1 քմ հողի կադաստրային արժեքը կդառնա 330 հազար դրամ, թեեւ շուկայական արժեքը հիմա քանի անգամ բարձր է։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ազգային ժողովն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն առաջիկա տարիներին Հայաստանում կբարձրանա անշարժ գույքի գույքահարկը։  Իսկ մինչ այդ վերագնահատվել և բարձրացվել է անշարժ գույքի կադաստրային արժեքը՝ այն մոտեցնելով շուկայական արժեքին։