Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ-ն արդեն արել է 3 լուրջ զիջում» (տեսանյութ)

Հարցազրույց

ԱԺ նախկին նախագահ, Տիգրան Թորոսյանը չի կիսում այն կարծիքը, թե Ադրբեջանում նորացված Մադրիդյան սկզբունքներին ամբողջությամբ ասել են «այո», իսկ ՀՀ-ում' «ոչ»: ԼՂ հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ա1+»-ն զրուցեց նրա հետ:

- Պարոն Թորոսյան ինչո՞վ կբացատրեիք նորացված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի լռությունը:

-Նախ, կարծում եմ արժե անդրադառնալ այն թյուր պատկերացմանը, որը որոշ լրատվամիջոցներ ձևավորել են' հղումներ անելով ադրբեջանական աղբյուրներին: Այնպես է ներկայացվում, թե իբր նորացված փաստաթղթին Ադրբեջանը կողմ է, Հայաստանը' դեմ, ինչի պատճառով պաշտոնական Երևանը հայտնվել է ծանր իրավիճակում: Մինչդեռ թե մի քանի շաբաթ առաջ, թե երեկ Բաքուն հայտարարել է, որ դրան կողմ է ընդհանուր առմամբ, բայց ունի մի քանի վերապահումներ: Ճիշտ, բավական ուշացումով, բայց պաշտոնական Երևանն էլ փաստորեն նույն բանն ասաց: Հետևաբար որևէ նոր իրավիճակի դրսեւորման նշաններ չկան: Այլ բան է, որ Բաքուն փորձում է մանր խորամանկություններով տպավորություն ստեղծել, թե Հայաստանի անհամաձայնության պատճառով է, որ ուշանում է շրջանակային պայմանագրի պատրաստումը' փորձելով փրկել թե իր, թե Թուրքիայի դեմքը: Ցավոք, պաշտոնական Երևանի հայտարարությունները շատ հաճախ համարժեք չեն եւ երկչոտ են: Տպավորություն է ստեղծվում, որ կիրառում են «որքան քիչ խոսեն, այնքան քիչ կսխալվեն» սկզբունքը: Ինձ համար ավելի քան ակնհայտ է, որ նորացված փաստաթղթի վերաբերյալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի դիրքորոշումները գրեթե նույնն են' երկուսն էլ ընդհանուր առմամբ գտնում են, որ ընդունելի մոտեցում է: Բայց փաստաթղթին կողմ չեն ամբողջությամբ, քանի որ ինչ-ինչ հարցերում ունեն լուրջ վերապահումներ: Անգամ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Յուրի Մերզլյակովն է հայտարարել, որ 4 կետերի շուրջ կան տարաձայնություններ:

- Մերզլյակովը հետո հերքեց, որ խոսել է 4 կետերի մասին այն դեպքում, երբ կա դրա ձայնագրությունը: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ համանախագահները հայտարարություններ են անում եւ հետո հերքում:

- Իհարկե, դա ավելի բնորոշ էր ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, սակայն ժամանակ առ ժամանակ դրանից չեն կարողանում խուսափել նաև մյուս համանախագահները: Չպետք է մոռանալ, որ նրանք ոչ թե փորձագետներ են, այլ պաշտոնյաներ, որոնք երբեք չեն մոռանում իրենց երկրների շահերը: Չի կարելի նաև բացառել ինչ-ինչ հարցերում անձնական հետաքրքրություններն ու անգամ' երբեմն սխալները: Միջնորդներն իրենց զուսպ են պահում այնքան, որքան կողմերն են նրանց դա պարտադրում' ժամանակին և համարժեք արձագանքելով նրանց սխալ հայտարարություններին, իսկ երբեմն էլ' հստակորեն սահմանված իրենց մանդատի շրջանակների խախտմանը:

- Այսօր Դուք առաջխաղացում տեսնո՞ւմ եք ԼՂ գործընթացում:

- Նախ, ակնհայտ է, որ հակամարտության առանցքը Արցախի կարգավիճակն է, հետևաբար առաջընթացը կամ հետընթացը պետք է գնահատվի այդ տեսակետից: Այդ առումով բանակցային ողջ գործընթացի ժամանակահատվածում էական առաջընթաց արձանագրվել է երկու անգամ: Առաջինը տեղի ունեցավ 2005թ. Ստրասբուրգում, երբ ընդունվեց ԵԽԽՎ հայտնի բանաձեւը ԼՂ-ի մասին, որը մինչ այժմ միակ փաստաթուղթն է, որտեղ նշված է, որ ԼՂ-ն Ադրբեջանից կարող է անջատվել և անկախանալ ինքնորոշման ճանապարհով: 2005թ. սեպտեմբերին ԵԽ Նախարարների կոմիտեն, արձագանքելով այդ բանաձևին, ընդունեց փաստաթուղթ, որտեղ արդեն նշված էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման երկու կարեւոր սկզբունքները' ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության: Երկրորդ առաջընթացն արձանագրվեց 2007թ. նոյեմբերին, երբ համանախագահները Մադրիդում այդ սկզբունքները ներկայացրեցին որպես հակամարտության կարգավորման հիմք: Սակայն, երբ անցած տարվա հուլիսին համանախագահները հրապարակեցին Մադրիդյան սկզբունքների նախագիծը, ակնհայտ դարձավ, որ թեև փաստաթղթի ընդհանրական մասը արձանագրում է այդ սկզբունքները, սակայն երկրորդ մասը' վեց կետից բաղկացած կոնկրետ քայլերի ձևակերպումը, ակնհայտ հետընթաց է: Դրանից հետո, որեւէ առաջընթաց ԼՂ հարցում չկա:

- Ինչո՞ւ չկա առաջընթաց, ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր:

- Չկա, քանի որ, ցավոք, հայաստանյան կողմը լիարժեքորեն պատրաստ չէ բանակցություններին: Նրանք, ովքեր ներգրավված են այդ գործընթացում, չունեն անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և հմտություններ' միջազգային իրավունքի շրջանակներում մեր դիրքորոշումները պաշտպանելու համար:

- Կոնկրետ, ի՞նչ նկատի ունեք:

- Ինքնորոշման իրավունքը վերացական կամ երկրորդական նորմ չէ: Միջազգային իրավունքը սահմանում է, որ ինքնորոշվող ժողովուրդն ազատ ընտրությամբ ինքն է որոշում իր կարգավիճակը' անջատում և անկախ պետության հռչակում, անջատում և միացում մեկ այլ անկախ պետությանը կամ այլ որևէ քաղաքական կարգավիճակ, որը կընտրի այդ ժողովուրդը: Մինչդեռ հրապարակված Մադրիդյան սկզբունքների 4-րդ կետում կարգավիճակի վերաբերյալ տեղ է գտել անորոշ և անհեթեթ մի ձևակերպում. «ԼՂ-ի ապագա իրավական կարգավիճակի սահմանում' իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Առանց հստակեցնելու, թե ով պետք է անցկացնի հանրաքվեն, որ տարածքում, ինչ հարցադրում պետք է դրվի հանրաքվեի եւ այլն: Մինչդեռ առաջին կետում, որտեղ խոսք է գնում ԼՂ-ի «հարակից տարածքների» մասին, արձանագրված է, որ պետք է «վերադարձվեն Ադրբեջանի ենթակայության ներքո»: Ավելին, վերջին շրջանում արդեն Հայաստանի ներկայացուցիչներն են սկսել խոսել «տարածքների վերադարձի» մասին' փոխզիջումների ենթատեքստում, սակայն «մոռանում են», որ ԼՂՀ-ն արդեն արել է երեք լուրջ զիջում: Առաջին'ԼՂՀ-ն պատրաստ է խոսել նոր հանրաքվեի մասին: Չմոռանանք, որ ԼՂ-ն արդեն անցկացրել է հանրաքվե, որի հիմքերը բացարձակապես անթերի են, և նոր հանրաքվե առաջարկողները դեռ պետք է հիմնավորեն, թե ինչու այն չպետք է հաշվի առնել: Երկրորդ' ԼՂՀ-ն համաձայնել է, որ մի տեւական ժամանակ իր շահերը ներկայացնի ՀՀ-ն: Սա ևս մեծ զիջում է: Երրորդ'ԼՂՀ-ն համաձայնվել է, Ադրբեջանից դուրս գալով, ոչ թե միանալ ՀՀ-ին, այլ հռչակել անկախ պետություն: Հետեւաբար Հայաստանի ներկայացուցիչները, ի պատասխան փոխզիջումների մասին հարցադրմանը, ոչ թե պետք է խոսեն տարածքների վերադարձի մասին, այլ ներկայացնեն հակընդդեմ հարցադրում'ԼՂՀ-ի երեք լուրջ զիջումների դիմաց ո՞րն է Ադրբեջանի զիջումը:

- ԼՂՀ-ն ի՞նքն է համաձայնվել, որ իր շահերը ներկայացնի ՀՀ-ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանն է դա արել: Վերջին շրջանում համանախագահները մեզ հաճախ են հիշեցնում այդ մասին:

- Ամենազարմանալին այն է, որ այսօր այդ հարցադրումն անում են իշխանության ներկայացուցիչները, փոխանակ նույն Ֆասիեին բացատրելու, որ բանակցություններին ԼՂՀ մասնակցության հարցը Ադրբեջանի համաձայնությամբ պայմանավորելը ոչ միայն տգիտություն է միջազգային իրավունքի շրջանակներում, այլև հակասում է Մադրիդյան սկզբունքներին, քանի որ այդ իրավունքը բարձրագույն իրավական նորմի կարգավիճակ ունի և այն չի կարող սահմանափակել որևէ մեկը: Իսկ զարմանալի է այն պատճառով, որ եթե իրենք հասկացել են, որ անցյալը, ԼՂՀ ինքնորոշման ամբողջ գործընթացի մեջ միակ թույլ կետը հենց այն է, որ բանակցային գործընթացին չեն մասնակցում ԼՂՀ ներկայացուցիչները, ապա ոչ թե պետք է անիծեն այլ այսօր քայլեր անեն իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ի դեպ, դրա լավագույն պահը 2008թ. նախագահական ընտրություններից հետո էր, երբ հայկական կողմը հնարավորություն ուներ հայտարարելու, որ երեք առումներով ստեղծվել է նոր իրավիճակ: Նախ' Հայաստանում ընտրվել է նոր նախագահ: Նախկին պայմանավորվածությունը Քոչարյանի և ԼՂՀ միջև էր, իսկ ԼՂՀ-ն վերջին տարիներին հայտարարում է, որ իր համար որեւէ փաստաթուղթ ընդունելի չի լինի, որի մշակմանը չի մասնակցի: Ըստ էության' սրանով ԼՂ-ն ասում է, որ ՀՀ-ն չի ներկայացնում իր շահերը: Եվ երրորդ, 2007-ի նոյեմբերին Մադրիդյան սկզբունքները ընդունվել էին որպես հակամարտության կարգավորման հիմք և դրանով արձանագրվել էր ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ պարագայում ԼՂՀ-ի բացակայությունն իր կարգավիճակի որոշման բանակցություններում անհեթեթություն է:

- ՀՀ իշխանությունները ինչո՞ւ նման հայտարարություն չարեցին 2008թ.:

- Ցավալին այն է, որ ոչ միայն նման հայտարարություն չարվեց, այլև 2008թ. նոյեմբերին Հայաստանի նախագահը առաջին անգամ ստորագրեց մի փաստաթուղթ' Մայնդորֆյան հռչակագիրը, ըստ որի խնդիրը կարգավորվելու է ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ բանակցություններով: Սա այլ բան չէ, քան ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում: Փաստորեն Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Արտգործնախարարի երկչոտ հայտարարությունները, թե խնդիրը չի կարող լուծվել առանց ԼՂՀ մասնակցության, դառնում է ձևականություն: Կարծում եմ' կրկին գործ ունենք գիտելիքների, փորձի ու հմտությունների պակասի հետ: Ի դեպ, սա խիստ տարածված երևույթ է Հայաստանում, ընդ որում' ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության պարագայում, երբ վերջինիս ներկայացուցիչները հայտարարում են, թե ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության միաժամանակյա հիշատակումը նշանակում է ինքնորոշում Ադրբեջանի կազմում: Ավելին, հենց նույնն է անհաջողությունների պատճառը նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

- Այդ գործընթացն արդեն ձախողվա՞ծ է:

-Իհարկե, ստորագումից հետո թուրքական կողմի հերթական նախապայմանի առաջադրման և ՍԴ-ի հայտնի որոշումից հետո գործընթացը հայտնվել է իրական ձախողման եզրին: Այն փրկելու թերևս վերջին փորձը կարվի ապրիլի 13-ին' Վաշինգտոնում սպասվող Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ: Թեեւ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր, որ Էրդողանի փոխարեն Վաշինգտոն կգնա Դավութօղլուն, բայց ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի հորդորով այնուամենայնիվ Էրդողանը կմեկնի Վաշինգտոն և նախագահ Օբաման կփորձի նրան համոզել, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները: Իհարկե, վերջին շրջանում Անկարայի վրա ճնշումները կտրուկ մեծացել են, ինչի վկայությունն է մի շարք երկրների խորհրդարաններում Ցեղասպանության ճանաչման « կառավարելի » գործընթացների նախաձեռնումը, սակայն Էրդողանը ոչ միայն շարունակում է պնդել ԼՂ-ին առնչվող իր պահանջներն, այլև սպառնալիքներ է տեղում տարբեր ուղղություններով: Այդ առումով, թվում է դժվար թե Օբամային հաջողվի համոզել Էրդողանին, չնայած Վաշինգտոնի համար արձանագրությունների վավերացումը մեծ կարևորություն ունի: Սակայն, կարծում եմ պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ 2011թ. Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, ինչը էապես փոքրացնում է առաջիկա 1.5-2 տարում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունը: Հետևաբար վաշինգտոնյան հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը կամ պետք է օգտագործի իր բոլոր հնարավորությունները կամ համակերպվի գործընթացի « սառեցված» վիճակին' տևական ժամանակով: Հետևաբար այսօր գործընթացի լիակատար ձախողման նախադրյալներն ավելի մեծ են, քան երբևէ:

- Միգուցե արտաքին քաղաքական անհաջողությունների պատճաը ներքաղաքական իրավիճա՞կն է: Տեսակետ կա, որ Քոչարյանը, Օսկանյանը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միավորվում են ՀՀԿ-ից իշխանությունն ամբողջությամբ վերցնելու համար:

- Մեր երկրի ներքաղաքական կյանքի հիմքը ասեկոսեներն են, բամբասանքներն ու խարդավարքները: Հետևաբար անիմաստ է անդրադառնալ այն «տեսակետներին», որոնց հիմքում ոչ թե փաստեր են դրվում, այլ տարաշխարհիկ սխեմաներ:

- Դուք միջազգային հանրության հետ աշխատելու մեծ փորձ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ-ի վերաբերյալ վերջին զեկույցները, մասնավորապես ԱՄՆ պետդեպարտամենտինը, համապատասխանո՞ւմ է իրականությանը: ՀՀ իշխանություններն ասում են, որ այդ զեկույցները միակողմանի են, լիարժեք չեն:

- Այս հարցում էլ իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց շատ նման են: Ուշադրության են արժանացնում միայն զեկույցների այն հատվածները, որոնք իրենց համար հաճելի են կամ պարունակում են ինչ-ինչ անճշտություններ: Ցանկության դեպքում միշտ էլ նման զեկույցներում կարելի է թերություններ գտնել, առավել ևս, որ Հայաստանը ամենակարևոր երկրներից չէ, և ամենափարձառու փորձագետները չէ, որ զբաղվում են հայաստանյան խնդիրներով: Բայց դրանով մխիթարվել չարժե: Նման զեկույցները գնահատելի են որպես հայացք դրսից' հայաստանյան իրականությանը: Նրանք, ովքեր ցանկանում են բարելավել վիճակը երկրում, տեսնում են զեկույցներում մատնանշված վտանգավոր թերությունները և փորձում են շտկել իրավիճակը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են աչք փակել առկա թերությունների վրա, կենտրոնանում են զեկույցների անճշտությունների վրա: Սակայն վերջին շրջանում կա ավելի լուրջ խնդիր: Միջազգային կառույցների հետ ՀՀ-ի այդ հարաբերությունները, վերջին երկու տարվա ընթացքում, սահմանափակվում են 2008թ. մարտի 1-ի դեպքերով եւ դրանց հետեւանքներով: Սա ցավալի է, քանի որ մինչ այդ երկխոսությունն այլ հարթությունում էր:

- Դա ի՞նչ է նշանակում:

- Նշանակում է, որ վիճակը շատ տխուր Է' երկիրը շարունակվում է ընկալվել որպես արտակարգ իրավիճակում գտնվող պետություն, որը չի կարողանում վերադառնալ բնականոն կյանքի: Արդեն երկու տարի է բոլորը մոռացել են ԵԽ-ի առաջ մեր ստանձնած պարտավորությունների մասին եւ խոսում են միայն մարտի 1-ի դեպքերի մասին:

- Մարտի 1-ի մասին խոսելիս' հիմնականում նշում են 10 զոհերի սպանությունների չբացահայտման փաստը: 2 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները չէի՞ն կարող բացահայտել այդ սպանությունները, գոնե «Չերյոմուխա 7» -ից սպանությունները:

- Ես նախընտրում եմ գնահատականներ տալ այն ոլորտների վերաբերյալ, որտեղ մասնագետ եմ: Սակայն կարծում եմ երկու դիտարկում կարելի է անել: Նման ողբերգական իրադարձություններն ունենում են ծանր բարոյահոգեբանական հետևանքներ և դրանց հաղթահարման հիմնական գործոնը արդարադատության մարմինների սևեռուն ուշադրությունն ու անթերի գործունեությունն է: Դժվար է գտնել որևէ երկիր, որտեղ նման դեպքերում արձանագրվում է բացահայտման այդպիսի արդյունք: Երկրորդ հանգամանքը վերաբերվում է այդ իրադարձություններից հետո տեղի ունեցած դատական գործընթացներին և դատավարություններին: Երկու փուլում էլ առկա էին բազմաթիվ լուրջ թերություններ:

- 2008թ. մարտի 1-ին Դուք զբաղեցնում էիք ԱԺ նախագահի պաշտոնը: Դուք ի՞նչ եք արել մարտի 1-ը կանխելու համար: Ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք:

- Շատ տարողունակ հարց է, որն ունի մի քանի կողմ: Նախ, վստահ եմ, որ անգամ մարտի 1-ի առավոտյան իրադարձություններից հետո որևէ մեկը չէր կարող կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ այդ ողբերգական երեկոյի ընթացքում: Իհարկե, Հայաստանում դեռևս տիրապետող է խորհրդային ժամանակներից եկող պաշտոնների « դասակարգումը»' առաջին, երկրորդ, երրորդ և այլն, և ըստ այդմ էլ մարդկանց հուզող խնդիրների լուծման ակնկալիքները: Բայց յուրաքանչյուր ակնկալիք պետք է դիտարկել տվյալ պաշտոնի լիազորությունների շրջանակում: ԱԺ նախագահի պաշտոնը չի ընձեռում ոչ ուժայինների, ոչ մյուս կողմի նկատմամբ որևէ լիազորություն, հետևաբար և այդ ողբերգական իրադարձություններին ինչ- որ կերպ միջամտելու հնարավորություն: Բայց կա նաև հարցի մյուս կողմը. արդյո՞ք արդյունավետ է եղել աշխատանքը մինչ այդ և դրանից հետո' նման իրադարձություններից խուսափելու տեսակետից: Իհարկե, կարող եմ նշել այդ իրադարձությանը նախորդած ժամանակահատվածում հրապարակված բազմաթիվ հոդվածներ, հարցազրույցներ, որտեղ ահազանգ եմ հնչեցրել բազմակուսակցական համակարգի և քաղաքացիական հասարակության կայացման լուրջ խոչընդոտների, դատական համակարգի անմխիթար վիճակի, ատելության ու կեղծիքի վտանգավոր կուտակման և ողբերգական իրադարձությունների խորքային պատճառ դարձող այլ երևույթների մասին: Միշտ նախընտրել եմ ոչ թե թաքնվել ուրիշների թիկունքում, ինչպես շատերն են փորձում անել, այլ ներկայացնել սեփական տեսակետն ու հիմնավորել այն: Սակայն քանի որ հարցը հնչել է այն ժամանակ զբաղեցրած պաշտոնի մասին, անդրադառնամ նաև այդ կողմին: Ընդհանրապես, ԱԺ նախագահի, իսկ մինչ այդ' փոխնախագահի պաշտոնում, նախընտրել եմ ոչ թե ոմանց նման հրապարակավ կուրծք ծեծել, թե ինչ եմ արել, այլ աշխատանքային պայմաններում լուծել խնդիրները: Անդրադառնամ միայն մեկ դեպքի, որը նաև հրապարակային դրսևորումներ ունեցավ, առավել ևս որ վերջերս օրաթերթերից մեկում քիչ հայտնի կուսակցություններից մեկի ղեկավարը փորձել էր մի քանի օրենքների ընդունման հետ կապված մտացածին բաներ վերագրել ինձ: Երբ 2008թ. մարտին Աժ բերվեց «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հաջողվեց քաղաքապետարանին վեց ամսով հանրահավաքների արգելման իրավունք տվող և որոշ այլ կետեր դուրս բերել նախագծից մինչ խորհրդարանի քննարկումը: Ավելին, անմիջապես այն ուղարկվեց փորձաքննության, կազմակերպվեց փորձագետների և նախագծի հեղինակների հանդիպումը, որի ընթացքում վերջիններս չկարողացան հաստատել, որ իրենց առաջարկած փոփոխությունները համապատասխանում են Կոնվենցիային, և օրենքն արդեն մայիսի վերջին շտկվեց: Թեև որոշ պետական մարմիններ ԵԽ գլխավոր քարտուղարին տեղեկացրել էին, որ սեպտեմբերից շուտ հնարավոր չէ օրենքը շտկել: Ի դեպ, « մայր» օրենքն այն տեսքով, որին առաջարկում են վերադառնալ որոշ ընդդիմադիրներ, ինքս եմ մշակել դեռևս 2006թ.:

- Որեւէ օրենք կարո՞ղ էր կանխել մարտի 1-ի ողբերգությունը:

- Միայն օրենքներն, իհարկե, ոչ, քանի որ օրենքներից ոչ պակաս կարեւոր է օրենքների կիրառումը: Սակայն, վստահ եմ, որ մի շարք օրենքների և Սահմանադրության հարգումը թե իշխանությունների, թե քաղաքական ուժերի կողմից թույլ կտար խուսափել ողբերգական դեպքերից: Բայց, ինչպես գիտեք, օրենքների կատարման վերահսկողությունն ու դրանից բխող քայլերը դուրս են խորհրդարանի լիազորություններից:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը