Շատ դեպքերում մարդիկ չեն էլ գիտակցում, որ ենթարկվում են խոշտանգումների. քննարկում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոր Հայաստանում խոշտանգման դեպքերը շարունակվում են մնալ չբացահայտված,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը։
«Սույն հոդվածը չի կիրառվում։ Այս խնդիրը մնում է արդիական, որովհետև մեր երկրում բացակայում է քաղաքական կամքը և տիրում է զրո հանդուրժողականություն»,-ասում է Օֆելյա Զալյանը։
2015 թվականին Քրեական օրենսգիրքը լրացվեց 309.1 հոդվածով, որով խստացվեց պատիժը խոշտանգման դեպքում։
«Հելսինկյան ասոցացիա»ՀԿ փաստաբան Արա Ղարագոզյանը փաստում է, որ այս խնդիրը առավել տարածված է քրեակատարողական հիմնարկներում, որտեղ տուժողների մեծ մասը չի էլ բարձրաձայնում դրա մասին, քանի որ շատ դեպքերում մեղադրվել են սուտ մատնության հոդվածով․
«Խոշտանգման դեպքեր կարելի է հանդիպել նույնիսկ այսօր։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրավապահ մարմիններին թվում է, թե կարող են անհավասար ուժ կիրառել և դա կլինի իրավաչափ։ Տուժողների մեծ մասը չունի վախ կատարվածի մասին բարձրաձայնելու, բայց փակ հաստատություններում գտնվողները չեն խոսում դրա մասին։ Իմ խորին համոզմամբ, դատավորները ուղղակի չեն ուզում այս հոդվածը կիրառել»,-ասաց նա
Քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների դեպքերը բացահայտվում են մշտադիտարկման այցերի միջոցով, անհատական բողոքները հազվադեպ են, -նշում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը։
Նրա խոսքով պետությունը շատ դեպքերում իրականացնում է ուշացած գործողություններ։
«Արդիական է երկու խնդիր՝ հասարակական ընկալումներ և դատական համակարգի նկատմամբ անվստահություն։ Շատ դեպքերում մարդիկ չեն էլ գիտակցում, որ ենթարկվում են խոշտանգումների։ Անհրաժեշտ է փոխել հասարակական գիտակցությունն ու կարծրացած ընկալումները»,-ասաց նա։
Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից նշվում է որպես խոշտանգումների զոհերի աջակցության միջազային օր՝ փորձելով վեր հանել խոշտանգվողների ոտնահարված իրավունքները և պահանջելով խոշտանգողների արդարացի դատավճիռ։