Ինչպե՞ս պաշտպանել կորոնավիրուսով վարակակիրների տվյալները ադրբեջանցի հաքերներից
Աջակցիր «Ա1+»-ինԻնչո՞ւ է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ենթադրում, որ Ադրբեջանցի հաքերները կորոնավիրուսով վարակված անձանց տվյալները հրապարակում են հենց մեյլեր կոտրելու միջոցով։
«Ա1+»-ի հետ զրույցում մեդիափորձագետը պարզաբանում է՝ նախ հաքերներն իրենք առաջինը գրել էին, որ տվյալները ստացել են մեյլի միջոցով․
«Չեմ կարծում, որ խաբում են, որովհետև շատ ավելի լուրջ տպավորություն կթողնեին, եթե գրեին, որ բազա են կոտրել, քան մեյլ»։
Մարտիրոսյանը պնդում է՝ ծանոթ է նաև հաքերային այդ թիմի գործելաոճին, նրանք հիմնականում խաբելով գաղտանաբառեր են կորզում տարբեր նամակների միջոցով։
Մեդիափորձագետը նաև ենթադրում է, որ եթե կոտրեին միասնական բազա, միանգամից ամբողջ ինֆորմացիան կհրապարակեին, մինչդեռ հրապարակվածը ցաքուցրիվ ինֆորմացիա է․
«Նաև ֆայլերի ձևավորումը խոսում է այն մասին, որ տարբեր տեղերից, տարբեր ոճի գրառումներ են։ Մի տեղ 30 տվյալ է, մի տեղ՝ 80։ Իմ ենթադրությունը այն է, որ տարբեր կառույցներ՝ մարզպետարան, պարետատուն և այլ կառույցներ, իրար մեջ տվյալների փոխանակում են անում մեյլերի միջոցով, դրա համար տվյալների արտահոսք է լինում»։
Մեր հարցին, թե հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ կանխել այդ տվյալների արտահոսքը, մեդիափորձագետն ասաց, որ հնարավոր է և շատ հեշտ է․
«Պետք է ստեղծեն տեղեկատվության հետ աշխատելու պրոտոկոլներ, որ հստակ պարզ լինի՝ ով իրավունք ունի ֆայլերին տիրապետել, ով՝ ոչ։ Երկրորդը՝ այդ ֆայլերը որ մեթոդներով պետք է պահվեն, փոխանցվեն, որով՝ ոչ, նաև պետք է հստակ լինի՝ ինչ մեյլերից կարելի է օգտվել»։
Մեդիափորձագետը նաև կարծում է, որ այդ տվյալների հետ աշխատող մարդկանց պետք է տեղեկատվական առումով ավելի կրթել․
«Ես հավաստիացնում եմ, որ եթե մեկ օրվա թրեյնինգ արվեր, ոչ մի այդպիսի բան չէր լինի։ Այստեղ մարդկային գործոնի հարց է»։
Հիշեցնենք, որ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ՝ անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Այս անգամ անձնագրային տվյալներ չկան,-նշել էր նա հավելելով, որ բայց մոտ հազար հոգու տվյալ կա: