Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» հաղթանակով վերսկսեց առաջնությունը, Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հաղթանակով վերսկսեց կորոնավիրուսի պատճառով ընդհատված Իտալիայի առաջնությունը: 27-րդ տուրի խաղում հռոմեական ակումբը սեփական դաշտում ընդունեց «Սամպդորիային»: 

Առաջին խաղակեսն ավարտվեց հյուրերի առավելությամբ: Խաղի 11-րդ րոպեին աչքի ընկավ Մանոլո Գաբիադինին, որը օգտվեց «Ռոմայի» պաշտպանի կոպիտ սխալից և բացեց հաշիվը: Երկրորդ կեսում անհատական վարպետությամբ փայլեց տանտերերի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Նա 64-րդ րոպեին դիպուկ հարվածով եզրափակեց Պելեգրինիի կատարած երկար փոխանցումը, իսկ 85-ին՝ Քրիստանտեի նմանատիպ փոխանցումը:

«Ռոման» Ջեկոյի դուբլի հաշվին 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 48 միավոր և շարունակում է հետապնդել 4-րդ հորիզոնականում գտնվող «Ատալանտային», որն այս տուրում սեփական դաշտում պարտության մատնեց 2-րդ հորիզոնականում ընթացող «Լացիոյին»՝ 3:2, չնայած խաղասկզբում զիջում էր երկու գնդակի տարբերությամբ:

Հենրիխ Մխիթարյանը «Սապդորիայի» հետ խաղին առանձնապես աչքի չընկավ: Հանդիպման 81-րդ րոպեին նա դեղին քարտ ստացավ, իսկ 85-ին փոխարինվեց:

«Ռոման» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին, «Միլանի» հարկի տակ: