Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak - lori (1)
A A
Սպորտ

«Շիրակն» ու «Լոռի ՖԱ»-ն պահանջում են ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրել

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մասնակից Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի ՖԱ» ակումբներն այսօր իրենց ֆեյսբուքյան էջով  հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ահա այն. 

Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:

Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում՝ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող Երևան ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը: Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին։

 

«Շիրակ» ՖԱ նախագահ

Արման Սահակյան

 

«Լոռի» ՖԱ հիմնադիր 

Թովմաս Գրիգորյան

Նշենք, որ Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությանը մասնակցում են 17 թիմ, որոնցից 9-ն առաջին անգամ են մասնակցում մրցաշարին: Դրանք են Երևանի «Վեսթ Արմենիան», «Անին», Չարենցավանի «Վանը», Աբովյանի «Տորպեդոն», Աշտարակի «Արագածը», «ՖԱ Դիլիջանը», «ՖԱ Մասիսը», «Լեռնային Արցախը» և ԲԿՄԱ-ն: 

Մրցաշրջանից մեկնակից առաջ Առաջին խմբում հանդես գալու հայտ էին ներկայացրել նաև «Մակարավանքն» ու «Դովեղը», սակայն դրանք վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից:

Ի դեպ, օրերս ստեղծվել է ֆուտբոլային նոր թիմ՝ «Նորավանք» անվանումով, (https://noravanksport.am), որն արդեն համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և ցանկանում է մասնակցել Առաջին խմբի գալիք առաջնությանը: