Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajq
A A
Սպորտ

Հայաստանի պատվիրակները դեռ ուղեգիր չեն նվաճել ՖԻԴԵ-ի մրցաշարում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից անցկացվող կանանց կայծակնային շախմատի առցանց մրցաշարում Հայաստանի շախմատիստուհիներն առայժ ստվերում են գտնվում:

Որակավորման փուլի մրցումների 3-րդ օրը մերոնցից համեմատաբար հաջող հանդես եկավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 21 հնարավորից վաստակելով 13 միավոր, զբաղեցրել է 24-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը 12 միավորով գրավել է 38-րդ տեղը, իսկ Մարիա Գևորգյանը 11-ով մրցաշարն ավարտել է 67-րդ հորիզոնականում: Այս փուլում եզրափակիչի երկու ուղեգիր նվաճել են հնդկուհի Հարիկա Դրոնավալին ու ադրբեջանուհի Գունայ Մամադզադեն:

Որակավորման փուլի 4-րդ օրը հաղթող դարձան ռուսաստանցի Օլգա Գիրյան ու ղազախ Բիբիսարա Ասաուբաևան: Մեր շախմատիստուհիները կրկին չկարողացան մտնել փլեյ-օֆֆ: Այսօր կկայանա որակավորման 5-րդ փուլը, որտեղ մասնակիցները կմրցեն 3 րոպե + 1 վայրկյան ձևաչափով:

Հիշեցենք, որ սույն մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Նախ որակավորման վեց փուլերում խաղարկվում են եզրափակիչ մրցաշարի 12 ուղեգրեր: Այնուհետև նրանց կմիանան ՖԻԴԵ-ի կողմից հրավիրված 9 առաջատար շախմատիստուհիներ: 

Եզրափակիչ փուլը բաղկացած է չորս շրջանաձև մրցաշարերից: Դրանց կմասնակցեն 16-ական շախմատիստուհի՝ յուրաքանչյուրը երեքական մրցումների: Ընդհանուր հաշվարկով առաջին երկու լավագույն արդյունք ցույց տված մասնակիցները իրար հետ կհանդիպեն սուպերեզրափակիչում: Մրցաշարը կավարտվի հուլիսի 20-ին: