Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով վստահ հաղթեց «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 1-6-րդ տեղերի համար մրցաշարի 24-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Ալաշկերտին»:

Խաղը հաջող սկսվեց արարատցիների համար: Նախ հանդիպման 16-րդ րոպեին հյուրերը մնացին 10 խաղացողով, քանի որ վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Տիագու Ալմեյդան, իսկ 36-րդ րոպեին Իվան Սպիչկան դիպուկ հարվածով առաջ մղեց տանտերերին: Սակայն, արդեն առաջին խաղակեսում ալաշկերտցիներն ոչ միայն հավասարացրին հաշիվը, այլև առաջ անցան նրանում: 43-րդ րոպեին «Արարատի» դարպասը գրավեց Ալեքսանդր Գլիշիչը, իսկ 45-ին՝ Ռիստո Միտրևսկին:

Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին նույն Գլիշիչը խփեց իր երկրորդ գոլն այդ խաղում և ավելի ամրապնդեց իր թիմի առավելությունը: Արարատցիները խաղավերջում լավ պահեր ստացան, բայց այդպես էլ չկարողացան իրացնել դրանք:

Այդպիսով, «Ալաշկերտը» հյուրընկալվելիս, 10 ֆուտբոլիստով, 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 40 միավոր և բարձրացավ մրցանակային 3-րդ հորիզոնական: Այն առայժամ 5 միավորով ետ է մնում միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիայից», երկուսով՝ «Շիրակից»:

«Արարատը» երրորդ պարտությունը կրեց ուժեղագույն վեցյակի մրցաշարում և վաստակած 33 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հաջորդ, 25-րդ տուրը, տեղի կունենա հունիսի 27-ին և 28-ին: «Ալաշկերտը» կընդունի իրեն հետապնդող «Նոային», իսկ «Արարատը» հյուր կգնա «Շիրակին»: