Բժշկական դիմակն ավելի արդյունավետ է․ Ռոմելլա Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե մենք ընտրության հնարավորություն ունենք, գերադասելի է կիրառել բժշկական դիմակ»։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով՝ բժշկական դիմակն ավելի արդյունավետ է, քանի որ այն պատրաստված է արտադրությունում, ստանդարտներին համապատասխան և չունի որևէ խնդիր։ Մինչդեռ չի բացառվում, որ տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են լինել ոչ ճիշտ նյութից, ոչ ճիշտ չափերով և չծառայեն իրենց նպատակին։
Աբովյանը շեշտում է՝ միջազգային փորձում կտորե դիմակներ խորհորդ են տրվում միայն այն բանի համար, որ ամբողջ աշխարհում բժշկական դիմակների սղություն կա։
Մասնագետը վստահեցնում է, որ դիմակ կրելու հետևանքով որևէ խնդիր առաջանալ չի կարող, հիշեցնում է, որ բժիշկները բուժաշխատողները դիմակներ կրել են մինչև կորոնավիրուսը՝ իրենց աշխատանքի ամբողջ ընթացում, և որևէ խնդիր չի արձանագրվել նրանց առողջության հետ կապված։
Ինչ վերաբերում է ձեռնոցներ կրելուն, Աբովյանն ասում է՝ բնակչության շրջանում ձեռնոցներ կրելը ավելի ռիսկային է, քան չկրելը։
Ներկայացնում է ձեռնոցներ կրելու ճիշտ կանոնները և հավելում․
«Տարբեր հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ այն մարդիկ, ովքեր ձեռնոց են կրում, իրենց մոտ ենթագիտակցաբար պաշտպանված լինելու տպավորություն կա, և սկսում են ձեռքերը չլվանալ և չախտահանել, ինչի հետևանքով ուղղակի մի մակերեսից մյուս մակերեսին փոխանցում են հարուցիչը»։
Աբովյանը ևս մեկ անգամ շեշտում է երեք կանոնների պահպանման անհրաժեշտութունը՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում։ Հիշեցնում է, որ ամեն ինչ կախված է բնակչությունից։