Բացել լրահոսը Փակել լրահոսը
104432454_3165996820122146_8132619975180848670_n
A A
Պաշտոնական

Արթուր Ղազինյանը գնալու է ՀՔԾ․ պատճառը կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով գործ հարուցելու հաղորդումն է

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ   նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդությունը հունիսի 12-ին պաշտոնապես ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։

Այսօր «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու իր կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր։

«Երկուշաբթի կներկայանամ Հատուկ քննչական ծառայություն՝ հաղորդման մասով բացատրություն ներկայացնելու համար»,- գրել է նա։

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն դեռևս այլ մանրամասներ հայտնի չեն, զանգ է ստացել ՀՔԾ-ից, հրավիրվել է բացատրություն տալու։ «Երկուշաբթի օրը կլինեմ Հատուկ քննչական ծառայությունում և կներկայացնեմ փաստական տվյալները, հանցակազմի օբյեկտիվ կողմը, որ անհրաժեշտություն է կրել գործ հարուցելու համար»,- նշեց նա։

Ղազինյանն  ասաց, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 278 հոդվածով (Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը - հեղ․) նախատեսված է մարդկանց առողջության և կյանքի համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելը կամ աղավաղելը ոլորտի համար տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտի կողմից, ապա դրա երկրորդ մասին է վերաբերում․ որ դա արվում է ոլորտի պատասխանատու սուբյեկտի կողմից, որը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ։ 

«Այսինքն՝ կան օբյեկտիվ հիմքեր պնդելու, որ տեղեկատվությունը կամ թաքցվել է կամ  աղավաղվել է՝ հաշվի առնելով փետրվարի կեսերից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում  հասարակությանը տրամադրված իրարամերժ տեղեկատվությունը, ապա նաև Քրեական օրենսգրքի 308 հոդվածը (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), որտեղ որ դրված է խմբային շահի փաստը, այսինքն՝ պաշտոնեական դիրքը ծառայողական շահին հակառակ օգտագործելը՝ խմբային շահ հետապնդելով․ դա արդեն վերաբերում է հանրաքվեին (Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունը դադարեցնելու հանրաքվեն - հեղ․)՝ որպես խմբային շահ հետապնդելով։ Այդ նպատակով թաքցվել կամ աղավաղվել է տեղակատվությունը, որը հանգեցրել է մահեր և ծանր հետևանքներ»,- նշեց նա։

Ճշտող հարցին՝ հաղորդումը ներկայացվել է կառավարությա՞ն, և մասնավորապես Առողջապահության նախարարությա՞ն դեմ, Ղազինյանը պատասխանեց՝ ինքը փաստեր է նշել։ 

«Որ մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտները, այսինքն՝ առողջապահության քաղաքականության մշակման համար պատասխանատու մարդիկ, այս պարագայում, ըստ մեր Սահմանադրության, Առողջապահության ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որպես լիազոր մարմին է հանդես գալիս Առողջապահության նախարարությունը։ Մենք չենք նշել անձինք, մենք նշել ենք փաստեր, այսինքն՝ սուբյեկտների մասով այս պահին առայժմ չենք քննարկում, մենք փաստն ենք արձանագրում և պահանջում քրեական հարուցել․ արդյո՞ք տեղեկատվություն տրամադրվել է ճիշտ ժամանակին, ստուգված, հաստատված և փաստարկված, չի՞ թաքցվել որևէ տեղեկատվություն և չի՞ աղավաղվել այդ տեղեկատվությունը, այսինքն՝ ամենը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ»,- եզրափակեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահը։