Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Սերժ Սարգսյանի եղբայրը նվիրեց 30 մլն դոլար ու պրծա՞վ, թե՞ վաղը այդքան էլ են ուզելու․ Սուրեն Սահակյան (տեսանյութ)

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը հիշում է, որ մեկ տարի առաջ, երբ իրենք դիմել էին ԱԺ ղեկավարությանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով, ինչ էր պատասխանել խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

 Վերջինս  նամակով պատասխանել էր, թե նպատակահարմար չեն գտնում։

«Իսկ հանրային զրույցներում ասում էին, թե ճիշտ չէ, որ առաջին ուժը երկրորդ ուժի նկատմամբ նման գործընթաց նախաձեռնի։ Երկակի ստանդարտների հետ գործ ունենք»,- ասում է Սուրեն  Սահակյանը։

ՔՈ-ն այդ ժամանակ դիմել էր նաև իրավապահ մարմիններին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քանի որ գտնում էր, որ ԲՀԿ ղեկավարը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը թույլ չի տալիս նրա պատգամավորական մանդատը։ ՀՔԾ-ն մերժել էր, դիմել էին դատարան։ «Գործը հիմա վերաքննիչ դատարանում է։ Դա էլ կարող է մեղսագրվել Ծառուկյանին»,- հավելում է պարոն Սահակյանը։

Վերջինս նաև գտնում է, որ եթե ժամանակին իշխանություններն ընդունեին ու իրագործեին ապօրինի սեփականության վերաբերյալ իրենց առաջարկը, ապա Գ․Ծառուկյանը հիմա ավելի լավ վիճակում կլիներ։ Նա գտնում է, որ ապօրինի սեփականության հարցը կարգավորելու համար պետք է ներդրվեն օրենսդրական մեխանիզմներ ու երաշխիքներ։ Հակառակ պարագայում այդ դաշտում միշտ խնդիրներ կառաջանան։ «Օրինակ, Սերժ Սարգսյանի եղբայրը նվիրաբերեց 30 մլն դոլար ու պրծա՞վ, թե՞ վաղը, եթե տեղները նեղը լինի, այդքան էլ են ուզելու։ Հարցը պետք է լուծել կանոնակարգված և որոշակի տրամաբանության շրջանակներում»,- ասում է նա։

Սուրեն Սահակյանը գտնում է, որ ապօրինի կուտակված սեփականության 80-90 տոկոսը պետք է տարիների ընթացքում վերադարձվի։ Ասում է, որ հեղափոխության շրջանում հանդիպել է մարդկանց հետ, որոնք հանրության շրջանում ընկալվում են որպես օլիգարխներ։ Շատերը համաձայնել են վերադարձնել, բայց պահանջել են հստակ երաշխիքներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում