Չի կարելի մարդու բողոքելու իրավունքը ամբողջովին վերացնել․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Չի կարելի մարդու բողոքելու, կարծիք հայտնելու իրավունքը ամբողջովին վերացնել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի դիմաց իրավաբանների և իրավապաշտպանների ակցիային և նրանց բերման ենթարկելու հանգամանքին։
Ալավերդյանի կարծիքով՝ հավաքների սահմանափակումը Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ ոտնահարում է, մինչդեռ արտակարգ դրության պայմաններում պետք է սահմանել՝ ինչ ձևով պետք է իրացնել այդ իրավունքը՝ միևնույն ժամանակ չվնասելով նաև մարդկանց առողջությունը։
Ոստիկանության գործողությունները Ալավերդյանը համարում է ոչ օրինաչափ և ոչ իրավաչափ։
«Ես ուղղակի զարմացա, որ ոստիկանը փորձում է սահմանափակումները ներկայացնել որպես արգելք»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը ընդգծեց, որ վարչական նորմի որևէ խախտում չի արդարացնում, բայց եթե անձը թույլ է տվել վարչական իրավախախտում, պետք է տուգանվի և ուղղի իր սխալը։
Ալավերդյանը հիշեցնում է «Տնտեսության և խաղաղության ինստիտուտ» (Institute for Economics and Peace) վերլուծական կենտրոնի զեկույցը, որտեղ, թեև նշված էր, որ Հայաստանն աշխարհում 2-րդն է խաղաղության մակարդակի բարելավման ամենաէական աճի ցուցանիշով, սակայն երկրում ավելացել է քաղաքական տեռորի մակարդակը։
Հարցին՝ քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական ակցիա էր, Ալավերդյանը պնդեց, թե միանշանակ քաղաքացիական ակցիա էր․
«Այն բոլոր տեսությունները, որ ովքեր են կանգնած մեջքների հետևում, մանկապարտեզային է, այն էլ այն իշխանության համար, որը տարիներ շարունակ եղել է ընդդիմութուն և մասնակցել ամենատարբեր բողոքների»։
Հիշեցնեք, որ Ազգային Ժողովի շենքի մոտից այսօր բերման ենթարկվեցին մի խումբ իրավաբաններ, իրավապաշտպաններ, ովքեր պահանջում էին Արտակարգ դրությունը երկարաձգելիս հանել հավաքների անցկացման սահմանափակումը։