Անձանց նկատմամբ որևէ հետապնդում տեղի չի ունենում․ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը՝ ճանապարհային կանոնների խախտումների հետ կապված որոշման նախագծի մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց և ընդունվեց «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իր։ավախախտման տեսակները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
Սրանով քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ և հատուկ հավելվածի միջոցով հաղորդում ներկայացնել պատկան մարմիններին։
Այս թեմայով «Ա1+»-ը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, ճարտարագետ Սերգեյ Ղահրամանյանի հետ։
Ի՞նչ կասեք այս որոշման, նախաձեռնության վերաբերյալ։
Այս նախաձեռնությունը, կարելի է ասել, երեք տարվա պատմություն ունի։ Մի փոքր ետ գնամ․ տարիներ առաջ ստեղծվել էր ֆեյսբուքյան խումբ «Մի արեք «Այսպես»» և այնտեղ տեղադրվելու էին տեսանյութեր կապված երթևեկութևան կանոնների խախտման հետ։ Հեղափոխությունից հետո տեղադրվում էին, բայց շատ ժամանակ քանի որ ճանապարհային ոստիկանությունը չէր տուգանում, մարդիկ վրդովվում էին, թե անտեղի է տեղադրվում և պատահաբար կառավարության նիստերից մեկում հունիս-հուլիս ամիսներին, վարչապետն ասաց, որ «եթե կա խնդիր, թող քաղաքացիները հրապարակեն և ուղարկեն Ոստիկանություն, Ոստիկանությունն էլ պարտավոր է արձագանքել»։
Եվ դրանից հետո այդ խմբում տեղադրված տեսանյութերի հետքերով Ճանապարհային ոստիկանությունը երթևեկության ոլորտի խախտումների հիման վրա փորձում էր վարչարարություն իրականացնել և ստացվում էր։ Սակայն հասկանալի էր, որ հավելյալ ռեսուրսներ և ծանրաբեռնվածություն էր պահանջում, պատգամավորներից Սիսակ Գաբրիելյանը, ականջալուր լինելով խմբում առկա պահանջներին և հորդորներին, օրենսդրական նախագիծ մշակեց, որը որ կփորձեր կարգավորել այդ գործընթացը։ Եվ նախորդ տարի Ազգային ժողովում ընդունվեց այդ օրենքը, և այժմ էլ որպես այդ օրենքի հետևանք, որպես ենթաօրենսդրական ակտ, պահանջում էր ստեղծել այս հավելվածը և ունենալ որոշակի իրավական փաստաթղթավորում։
Եվ այսօր վերջապես այդ հավելվածի հետ առնչվող բոլոր իրավական փաստաթղթերն իմի բերվեցին, և կառավարությունը երկու որոշում ընդունեց։ Մեկով որոշվում էր այդ հավելվածի ինտերֆեյսը, տեսքը, գործողությունները, ինչպես նաև այդ որոշումը նախատեսված է Ճանապարհային ոստիկանության այն ստորաբաժանման համար, որը որ պետք է այդ վարչարարությունն իրականացնի, այնպես էլ քաղաքացիների համար, ովքեր ցանկություն կունենան (քանի որ պարտադիր չէ) օգտագործել այդ ծրագրային հավելվածը։ Մյուս որոշմամբ առավելագույն սահմանաչափեր էին տրվում, թե մի քաղաքացին ամսեկան (առավելագույնը 3 անգամ) և տարեկան (առավելագույնը 30 անգամ) քանի անգամ է կարող հաղորդում ներկայացնել։ Ինչպես նաև ինչ դեպքերում և ինչպես են կարող գրանցվել քաղաքացիները և նաև հնարավո՞ր են դեպքեր, որ պայմանները խախտելու դեպքում, որոշակի ժամանակահատվածով արգելափակել քաղաքացուն, և վերջինս հնարավորություն չունենա արձանագրել։
Նաև այն խախտումների տեսակները ներկայացվեցին, որոնք որ այդ հավելվածի միջոցով հնարավոր կլինի քաղաքացիների համար արձանագրել և վարչարարություն իրականացնել, քանի որ դա արդյունք էր մի շարք պայմանների և դրույթներ, որպեսզի խելամտության սահմաններում ամեն ինչ իրականացվի և շահագործողներն անհարկի այդ հավելվածը չօգտագործեն և օրենքից դուրս երևույթները հնարավորինս պակասեցվեն։
Ըստ Ձեզ ի՞նչ ռիսկեր կան սրա մեջ, ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ կարելի էր ավելացնել կամ հանել։
Երբ դեռևս քննարկումներ էին լինում, ես բազմիցս, նաև Սիսակ Գաբրիելյանը, քննարկում էինք և համաձայն էինք այն կարծիքի հետ, որ այս հավելվածը ոչ միայն պետք է այս գործառույթն իրականացնի, ինչը որ այժմ ներկայացված է, այլ նաև, օրինակի համար, հավելվածի մեջ 1-77 հեռախոսահամար լինի զանգելու համար․ մարդիկ միշտ չէ, որ տեղյակ են այդ հեռախոսահամարից։ Կամ օրինակ՝ քաղաքապետարանին ուղարկել տեսանյութ կամ ֆոտո քանդված ասֆալտի կամ վնասված դիտահորերի վերաբերյալ, կամ հնարավոր լինի ինչ-որ իրավիճակի վերաբերյալ Ոստիկանությանը նաև տեսանյութ ուղարկել ավտոմատ, այսինքն ՝ անպայման չլինի հեռախոսից ներբեռնել համակարգիչ, այնուհետև համակարգչից մեյլով ուղարկել Ոստիկանության մեյլին, այսինքն՝ բազմաֆունկցիոնալ։
Կամ օրինակ՝ ուղարկել Հրշեջ ծառայություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, այսինքն՝ ոչ միայն արձանագրման համար լիներ, այլ նաև այլ կարիքների համար։ Օրինակ՝ վթարի համար ոչ թե զանգել 1-77 ու սպասել, այլ միանգամից ինչ-որ կոճակ լինի զանգահարելու համար, վթարի տեղը հստակ իմանալու հնարավորություն լինի, որ շատ արագ կարգախումբը մոտիկանա, որքա՞ն ժամանակում։ Եվ դա նաև շատերի մտահոգությունն է, նույնիսկ Սիսակ Գաբրիելյանն այդ դրույթների հետ կապված իր կարծիքն արտահայտեց, որ ինքն էլ կուզեր։ Սակայն ամեն ինչ չէ, միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են այդ իրավական ակտերի հետ։ Այս դեպքում հեղինակներն են Ոստիկանությունը և կառավարությունը, բայց ենթադրում եմ, որ երբ այս հավելվածը լինի, կփորձենք պահանջել, որ այս հավելումները նույնպես զետեղվեն, որովհետև կարծում եմ՝ դրանք չեն վնասի, և բազմաֆունկցիոնալությունը այս ծրագրին նոր շունչ և թափ կհաղորդի։ Օրինակ՝ այսօրվա դրությամբ քանդված ասֆալտներ ունենք, երբ ուղարկում ես քաղաքապետարան, ասում են՝ «որտե՞ղ է հասցեն, մի հատ նորից կասե՞ք» և այլն։ Այս ծրագրով ուղարկես, միանգամից «ՋիՓիԷս»-ով տեղադրությունը կորոշի և հնարավորություն կտա հավելյալ ժամանակ չտրամադրել այդ հասարակ գործընթացները կազմակերպելու համար։
Իսկ անձնական տվյալների հետ կապված ռիսկ տեսնո՞ւմ եք, ուրիշի կյանք «մտնելու» վտանգ կարո՞ղ է լինել։
Այս նախագծերի քննարկումներում և հիմքերում միանշանակ դա հաշվի է առնվել։ Եվ հենց այդ պատճառներից ելնելով էլ՝ օրինակի համար ամրագոտու չկիրառման խախտումն այլ մեքենայի կամ մեքենայի դուրս գտնվող անձանց կողմից արձանագրելու հնարավորություն չի տրվում, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս մեքենայով կատարվող ցանկացած խախտում արձանագրել։ Օրինակի համար՝ աղբ թափելը, որի դեպքում կարևոր չէ, թե ով է գցողը, այլ որ տվյալ մեքենայից դուրս է եկել աղբը, և արձանագրում է մեքենայի պետհամարանիշը, մեքենան որպես իրողություն, այսինքն՝ անձանց նկատմամբ որևէ հետապնդում, նկարահանում, ինֆորմացիայի հավաքում տեղի չի ունենում։ Տեղի է ունենում պետհամարանիշի ֆիքսում, որը ՀՀ սեփականություն է, հետևաբար որևէ խնդիր չկա։ Իսկ միայն մեքենայի նկարահանման դեպքում անձնական կյանքի խնդիր չկա։ Ընդ որում դրա հետ կապված նաև ՄԻՊ-ն է իր դիրքորոշումը տվել, և որևէ խնդիր նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի տեսել։ Եվ կարծում եմ, որ անձնական տվյալների որևիցե հարց չկա։ Մի օրինակ նշեմ. եթե մենք տեսնենք, որ փողոցում ինչ-որ մեկը մեկ այլ անձի վրա կրակում է, և տեսանկարահանենք, արդյո՞ք դատական գործընթացներում դա չպետք է ներկայացվի դատաքննությանը։ Այստեղ կարևոր է արձանագրել, թե ի՞նչն է ավելի կարևորը. խախտո՞ւմը, զանցա՞նքը, հանցա՞նքը, թե՞ մարդու անձնական տվյալների պաշտպանությունը։ Ես կարծում եմ, որ շատերը համաձայն կլինեն, որ իրավակայունությունը և անվտանգությունը շատ ավելի բարձր կլինեն, և իրավակայունության և անվտանգության պայմաններում չի խաթարվի անձնական տվյալների պաշտպանության որևիցե դրույթ։