Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բջջային հավելված՝ ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտումներ արձանագրելու համար (տեսանյութ)

Կառավարության նիստին քննարկվեց «Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում, բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտումների տեսակետը սահմանելու մասին» հարցը։ 

Ոստիկանապետ, գնդապետ Վահե Ղազարյանը նշեց, որ նախագծի նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը քաղաքացիներին հավելվածի միջոցով արձանագրելու հնարավորություն տալն է։ 

«Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթ իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրվախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտման ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով՝ այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում»,- նշեց Ղազարյանը։

Ըստ Ոստիկանության գնդապետի՝ ամսական մեկ օգտատիրոջ կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող  է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 էլեկտրոնային հաղորդում։ Բջջային հավելվածի միջոցով, ըստ Ղազարյանի, հնարավոր կլինի արձանագրել 12 տեսակի իրավախախտում․ հանդիպակած երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրանսպորտային միջոցից աղբ նետելը և այլն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև մեքենայի մեջ մեկ անձից ավելի մարդ լինելու դեպքում դիմակի կրելու հարցի ներառումը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը և Արդարադատության նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր են բարձրաձայնել, ուստի որոշ խախտումներ այս տարբերակով արձանագրելու հնարավորություն չի տրվել։

Արդարադատաության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, որ եթե անձին տեսանկարահանում, լուսանկարահանում են կոնկրետ ժամի կոնկրետ վայրում, տվյալ անձի վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, ապա դա անձնական տվյալների մշակում է, և հենց համաչափության հարցն է հաշվի առնվել։    

Մանրամասները՝ տեսանյութում