Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կձևավորվի ընդդիմադիր բլոկ, որի կենտրոնում կլինեն միայն նոր դեմքեր․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և ԶՈ գլխավոր շտաբի ղեկավարների պաշտոնանկությունների հիմքում, այնուամենայնիվ, քաղաքական զարգացումներն են։ Նրա ներկայացմամբ՝ սկսվել են քաղաքական պրոցեսներ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր, որ դրանք լինելու են խորքային։ Եվ կառավարության 100 տոկոսը փոխելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը նա դիտարկում է նույն քաղաքական գործընթացների շրջանակում։

Հակադարձելով Գ․Ծառուկյանի այդ հայտարարությանը՝ վարչապետի մամլո խոսնակը գրել էր, թե նա «պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»:

«Համաձայնեք, որ ազնիվ չէ, երբ դու մի ուժի հետ կնքում ես պայմանագրեր, անգամ, կոալիցիոն կառավարություն կազմում և որևէ ձայն չես հանում դրա մասին, քանի դեռ այդ ուժը ձեզ չի քննադատում։ Հենց քննադատում է և քաղաքական հայտարարություն անում, դուք հիշում եք, որ այդ ուժը քրեական գործերի մեջ է թաղված, օլիգարխ է»,- մեկնաբանում է Կ․Քոչարյանը։

Վերջինս նաև կարծում է, որ սկսվել է ընդդիմադիր դաշտի ձևավորման պրոցեսը, որը տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ» Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» նորաստեղծ կուսակցությունների շուրջ։ «Սկզբնական շրջանում կձևավորվի ընդդիմադիր բլոկ, որի կենտրոնում կլինեն միայն նոր դեմքեր»,- համոզված է նա։

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա քաղտեխնոլոգը կարծում է, որ այդ կուսակցությունը եղել է և կլինի քաղաքական դաշտի «ջոկերը»։ «Ուժ է, որը երբեք չի լինի տուզ, բայց միշտ կլինի շատ լուրջ գործոն՝ իր բոլոր ռեսուրսներով»,- ասում է նա՝ հավելելով, թե ՀՀԿ-ից բացի ԲՀԿ-ն համախմբվելու բանակցություններ կսկսի ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ։

Կ․Քոչարյանը նաև ենթադրում է, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կարող են լինել շատ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական դժգոհություններ։ «Անցած տարեվերջին երբ ՀՀԿ-ականներն ասացին, թե Ն․Փաշինյանը պետք է գնա, նոր արտահերթ ընտրություններ են պետք, դա ինձ համար անլուրջ էր։ Բայց կյանքում կան ֆորս-մաժորային իրավիճակներ, որի ականատեսն ենք այս օրերին՝ կորոնավիրուսային էպոպեան, որի ամենամեծ խնդիրը իշխանությունների համար առողջապահական չէ, սոցիալ-տնտեսական է։

«Ժողովուրդը երբ սոված է լինում, նրա համար հետաքրքիր չէ, թե ով է, ներկան է, թե նախկին է։ Նրան հետաքրքիր է, որ ունենա աշխատանք, ու իր երեխան սոված չլինի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում