Բացել լրահոսը Փակել լրահոսը
Team_main_logo
A A
Տնտեսություն

«Բիլայն»-ի նոր գնորդ է հայտնի դարձել. Եսայան եղբայրները հաստատում են

«Բիլայն» ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերության վաճառքի վերաբերյալ նոր քննարկումներ են սկսվում, բայց այս անգամ ոչ  թե Ucom -ի  հետ, այլ ընկերությունից հեռացածների։  

ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հայտարարել է, որ սկսել է վաճառքի  վերաբերյալ  քննարկումներ Team ընկերության հետ, որը հիմնադրել  են Ucom-ից հեռացած Եսայան եղբայրները։  Վերջիններս նաեւ Ucom -ի  վեց տոկոսի բաժնետերերն են։

Ըստ «Վեոնի»՝  այս քննարկումները  դեռեւս չեն նշանակում, որ գործարքը կկայանա․ կլինեն թարմացումներ՝ կարգավորող մարմնի պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք, որ «ՎԵՈՆ» ընկերությունը մայիսի 6-ին հայտարարեց, որ «ՎԵՈՆ»  եւ «Յուքոմ» ընկերությունների միջեւ գործարքի շուրջ քննարկումները դադարեցվում են։ Դրան նախորդել էին ՀՀ իրավապահների պաշտոնական հայտարարությունը   Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին վերաբերող քրեական գործերի մասին։

Հետաքրքիր է, որ Հայկ Եսայանի Ucom -ի   տնօրենի պաշտոնից հրաժարականի պատճառներից մեկն էլ համարվում էր այս գործարքը  «Վեոն Արմենիա»-ի հետ, ինչի արդյունքում նա կորցնում էր իր պաշտոնը եւ «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը կդառնար տնօրեն։

Ի դեպ, «Թիմ» ՍՊԸ-ն   այսօր հանրությանը  ներկայացրել է Team.TelecomArmenia բրենդի ներքո իր գործունեությունը ծավալող ընկերության ապրանքային նշանը։
Ըստ հայտարարության՝ Team.TelecomArmenia բրենդի առանցքային գաղափարներն են թիմայնությունը, ազատությունը, դինամիկությունն ու ճկունությունը, արհեստավարժությունն ու պարզությունը, առաջադեմ լինելը։

Ավելի ուշ Team ընկերությունը հաղորդագրություն տարածեց, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ  և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները»,- նշել է «Team ընկերության »-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը: