Բացել լրահոսը Փակել լրահոսը
LUS_3122
A A
Մշակույթ

Արհեստական բանականությունը «կաջակցի» երաժիշներին․ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի առցանց

Աշխարհի 13 երկրներից 18  ջութակահարներ առաջին անգամ կմասնակցեն մրցույթի առանց կենդանի կատարման: Հատուկ մրցույթի համար ստեղծված բջջային հավելվածը թույլ կտա կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակ շարունակել պատմել աշխարհին Արամ Խաչատրյանի երաժշտության մասին:

Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ մեկնարկում է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը՝ առցանց ձևաչափով։ Մրցույթը կկայանա երեք փուլով։ 

«Հայաստանը տնտեսության մեջ դիրքավորվում է որպես տեխնոլոգիաներ արտահանող և արտադրող երկիր, և այս մրցույթի հաջող ընթացքի դեպքում կարող ենք ասել, որ կսկսենք արտահանել նաև մշակութային տեխնոլոգիաներ»,-առցանց ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

 Ըստ նրա՝  թեև կորոավիրուսը աշխարհի բոլոր երկրների մշակութային կյանքի վրա լուրջ ազդեցություն է ունեցել, այդ թվում նաև Հայաստանի, սակայն  մեր  պետական մշակութային հաստատությունների ֆինանսավորման առումով որևէ խնդիր չկա և այն նույն ծավալով շարունակվում է:  Միաժամանակ նա այս ժամանակշրջանը համարում   է նոր հնարավորություն ՝ օգտագործելու ժամանակակից տեխնոլոգիաները՝ նոր շունչ հաղորդելով նաև արհեստական բանականությանը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է ջութակ մասնագիտությամբ։ Հեռավար կերպով կայանալիք ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։ Մասնավորապես‚ պատրաստվել է մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը. այն հասանելի է App Store և Google Play հարթակներում։ Առաջին անգամ հեռավար ձևաչափով միասին հանդես կգան մենակատարը և նվագախումբը‚ և այս աննախադեպ գաղափարը կյանքի է կոչվել արհեստական բանականության շնորհիվ։

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նկատեց‚ որ միազգային  ստուգատեսը կազմակերպելով առցանց՝ Հայաստանը ներկա պայմաններում կարողացավ գտնել մի հնարավորություն‚ որպեսզի հնչի Արամ Խաչատրյանի երաժշտությունը‚ աշխարհի ճանաչի  նոր անունների։

«Մենք երաժշտության միջոցով շփվում ենք աշխարհի հետ. անցած մի քանի տարիների ընթացքում աշխարհում մոտ 1800 երաժիշտ սովորել և կատարում է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սա մեծ քաղաքականություն է. մրցույթի միջոցով հայկական երաժշտությունը հնչում է աշխարհում ոչ միայն հայերի‚ այլև օտարազգիների կողմից։ Այժմ արդեն վստահ եմ՝ նոր էջ ենք բացում Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։ Աշխարհում կա հետաքրքրություն մրցույթի նկատմամբ‚ բավականին մեծ է մասնակիցների աշխարհագրությունը‚ ինչով կարելի է միայն հպարտանալ»‚- ասաց Արմեն Սմբատյանը։ 

Ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանն էլ շեշտեց, որ  մրցույթի գլխավոր նպատակն է հիշեցնել աշխարհին Արամ Խաչատրյանի  երաժշտության մասին և աջակցել շնորհաշատ երաժիշտներին ամբողջ աշխարհից․ «Հատկանշական է, որ մրցույթին մասնակցած շատ երաժիշտներ հետագայում ելույթ են ունեցել աշխարհի լավագույն բեմերում»։

Մինչ մրցույթին նվիրված ասուլիսը՝ կազմակերպիչները  Կոմիտասի անվան պանթեոնում ծաղիկներ են  խոնարհել  կոմպոզիտորի հիշատակին։ 

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Այն տեղի է ունենում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հիշեցնենք, որ  Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն ազդարարող առցանց համերգին տաղանդավոր ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Համերգը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ այսօր՝ ժամը 22.30-ին։