Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» երկու կազմ է պատրաստել առաջնության վերսկսման համար. Մխիթարյանն առաջին թիմում է

Հռոմի «Ռոման» Ա սերիայի այն թիմերից մեկն է, որը երկու հավասարազոր կազմ ունի առաջնության վերսկսումից առաջ: Այդ մասին հայտնում է gazzetta dello sport-ը:

Ըստ հեղինակի, դա որոշակի առավելություն է տալիս հռոմեական ակումբին չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում, քանի որ նրա գլխավոր մրցակիցը՝ «Ատալանտան», չունի պահեստայինների երկար աթոռ, իսկ խիտ հանդիպումների պայմաններում (խաղերը կայանալու են երեք օրը մեկ – հեղ.) այդ գործոնը կարող է վճռորոշ դեր խաղալ: Զարմանալի չէ, որ Բերգամոյի թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին քննադատել է Ա սերիայի ներկայացրած նոր խաղացանկը, ինչպես նաև այն, որ թիմերին թույլատրվում է կատարել 5 փոխարինում:

Ըստ աղբյուրի, «Ռոման» այժմ իր տրամադրության տակ ունի 28 ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է հիմնական թիմի կազմում: Սակայն, ըստ մասնագետների, այդ ֆուտբոլիստներից միայն վեցն են համարվում անձեռմխելի, իսկ ահա մնացածն ունեն իրենց արժանի փոխարինողները: Հենրիխ Մխիթարյանի հավանական փոխարինողներն են համարվում Ջասթին Կլյույվերտն ու Դիեգո Պերոտին:

Նշենք, որ Իտալիայի Ա սերիան վերսկսելու է հունիսի 20-ին: Կայացած 26 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 63 միավորով գլխավորում է «Յուվենթուսը»: Նրանից մեկ միավոր քիչ ունի «Լացիոն»: 

«Ռոման» վաստակած 45 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականից, որը զբաղեցնում է «Ատալանտան», հռոմեացիները ետ են մնում 3 միավորով (մրցակիցը նաև մեկ խաղ քիչ է անցկացրել): 27-րդ տուրում «Ռոման» իր հարկի տակ ընդունելու է «Սամպդորիային», իսկ «Ատալանտան»՝ «Լացիոյին»: