Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ուժ գործադրելուց առաջ, ոստիկանը պարտավոր է տեղեկացնել ուժ գործադրելու իր մտադրության մասին․ փաստաբան Հովհաննես Քոչարյան

A A

Փաստաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է արել․


Ոստիկանության ծառայողների հետ շփումները հասկանալի պատճառներով այսուհետ ավելի հաճախակի են դառնալու: Ստորև ներկայացնում եմ մի տեղեկություն, որի իմացությունը կարող է կանխել ինչպես Ձեր իրավունքների հնարավոր խախտումներն, այնպես էլ ոստիկանության ծառայողների օրինական պահանջների հնարավոր չկատարման /անհնազանդության/ անցանկալի դեպքերը:
Անձին բերման ենթարկելիս, կամ նրա իրավունքները այլ կերպ սահմանափակելիս, ոստիկանության ծառայողը պարտավոր է ներկայանալ՝ հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, և հենց տեղում, բերման ենթարկելուց առաջ, բանավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկով նախատեսված իրավունքները (առնվազն հիմնականները): Համաձայն այդ ցանկի՝ անձն իրավունք ունի.
1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.
2) ստանալու իրավաբանական օգնություն.
3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.
5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.
6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.
7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.
8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.
9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.
10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:
- Մինչև անձին բերման ենթարկելը, ինչպես նաև ուժ գործադրելուց առաջ, ոստիկանության ծառայողը պարտավոր է վերջինիս տեղեկացնել իրավախախտման հետևանքների, ինչպես նաև ուժ գործադրելու իր մտադրության մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով ներկայացված օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:
- Գործնականում, քաղաքացիները առավելապես բերման են ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար, որպիսի արարքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում:
- Բերման ենթարկվածը ոստիկանության բաժնում կարող է պահվել ոչ ավելի քան 3 (երեք) ժամ, ընդ որում՝ օրենքով նախատեսված այս ժամկետը սկսում է հոսել քաղաքացուն ազատությունից փաստացի զրկելու պահից: Բերման ենթարկելը, նույն է թե՝ վարչական կարգով ձերբակալելը, ինքնանպատակ չէ: Այն կիրառվում է բերման ենթարկվողի ինքնությունը պարզելու և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով:
- Բերման ենթարկվելուց խուսափելու համար խորհուրդ եմ տալիս Ձեր մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, որի առկայությունը հնարավորություն է տալիս ոստիկանության ծառայողին՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել հենց իրավախախտման վայրում, առանց անձին ոստիկանություն տանելու: Հետևապես, իր մոտ անձնագիր ունեցող քաղաքացուն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով բերման ենթարկելն իրավաչափ չի կարող համարվել, եթե տվյալ իրադրությունում ոստիկանության ծառայողների համար օբյեկտիվ այլ խոչընդոտներ առկա չեն եղել.
- Եթե բերման ենթարկվածի նկատմամբ ոստիկանության բաժնում կազմվել է վարչական իրավախախտման և վարչական ձերբակալման արձանագրություն, ապա անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ ձերբակալման առավելագույն 3 (երեք) ժամը լրացած լինելուց:
- Կատեգորիկ ձեռնպահ մնացեք ոստիկանության ծառայողների պահանջները չկատարելուց, անհնազանդություն կամ դիմադրություն ցուցաբերելուց, կամ ծառայողներին անձնական վիրավորանքներ հասցնելուց, անգամ ՝ եթե համոզված եք, որ Ձեր նկատմամբ կատարվում է ակնհայտ ապօրինություն, ոստիկանության ծառայողը չի ներկայանում, չի ծանուցում Ձեր իրավունքները, չի հայտարարում, թե ինչ իրավախախտման մեջ եք կասկածվում և այլն.
- Ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կարող է առաջ բերել նույնիսկ քրեական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ ծառայողի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ:
- Նկարագրված իրավիճակներում հայտնվելու դեպքերում, Ձեր բոլոր առարկություններն ու դիտողությունները Ձեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ անձնական կամ Ձեր մոտ գտնվող իրերի (առարկաների) խուզարկության արդյունքները արձանագրել տվեք կամ ինքներդ գրավոր շարադրեք կազմվող արձանագրություններում (հատուկ դրա համար արձանագրության բլանկներում կան նախատեսված տողեր):
Արձանագրություններում դիտողություններ ու առարկություններ ամրագրելը իրավունքների պաշտպանության լավագույն ձևն է, ուստի նման դեպքերում արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելն անմտություն է:
- Ձեր իրավունքների պաշտպանության համար կարող եք հընթացս զանգահարել 1-02, հրավիրել փաստաբան, դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ծառայողների գործողությունները վերադասության կարգով գրավոր բողոքարկել ոստիկանության ղեկավար պաշտոնատար անձանց: Փաստաբան հրավիրելու կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ դիմելու Ձեր ցանկությունը անպայման արձանագրեք և օգտվեք զանգի իրավունքից կամ զանգի խնդրանով դիմեք ոստիկանության ծառայողին՝ հետամուտ լինելով այդ փաստի արձանագրմանը:
Հ. Գ. ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՉԻՆ: