Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff (1)
A A
Սպորտ

Նկատողություններ և տուգանքներ. ՀՖՖ-ն պատժում է կարգազանցներին

Երեկ կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը: Կայացվել են մի քանի ուշագրավ որոշումներ:

Մասնավորապես՝ «Ալաշկերտ» ՖԱ-ին հայտարարվել է նկատողություն այն բանի համար, որ «Ալաշկերտ» - «Նոա» խաղին կարգադրիչները չեն ստուգել մարզադաշտ մտնող անձանց բեյջերը, տրիբունայում հայտնվել են ակումբների հետ անմիջական կապ չունեցող մարդիկ, տանտեր ակումբը չի տպագրվել համապատասխան քանակի բեյջեր, դարպասի հետևում գտնվող լուսանկարիչները նստած էին միմյանց մոտ՝ առանց սոցիալական հեռավորություն

պահպանելու, VIP օթյակում և «Ալաշկերտ» թիմի համար նախատեսված հատվածում որոշ մարդիկ չեն կրել դիմակներ, խաղին չհայտավորված ֆուտբոլիստները տրիբունայում նստած են եղել առանց սոցիալական հեռավորություն պահպանելու, «Ալաշկերտ» թիմի պահեստայինների նստարանին ֆուտբոլիստները նստած են եղել շատ մոտ:

 

«Նոա» ակումբին նույնպես նկատողություն է հայտարարվել, նույն խաղում պահեստայինների նստարանին թիմի ֆուտբոլիստներից կողմից սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար:

 

Նմանատիպ խախտում են թույլ տվել նաև «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», «Դիլիջանի», «Սևանի», «Վանի» ֆուտբոլիստները: Այդ թիմերին նույնպես նկատաղություն է հայտարարվել: Իսկ ահա «Վանաձորի Ֆուտբոլի Ակադեմիա» ՀԿ-ը նկատողության է արժանացել այն բանի համար, որ նրան պատկանող «Լոռի ՖԱ» թիմը «Նոայի» հետ խաղից առաջ ակումբի պաշտոնյաների կորոնավիրուսի թեստավորման պատասխանը ներկայացրել է սահմանված ժամանակից 5 րոպե հետո, ինչպես նաև չի կանխել մարզադաշտի տարածք երկրպագուների մուտքը:

 

«Տորպեդո» ակումբը տուգանվել է 50.000 ՀՀ դրամով՝ «Տորպեդո» - «Արագած» խաղն ուշացումով սկսելու համար: «Լոռի ՖԱ»-ն 20 հազար տուգանք կվճարի այն բանի համար, որ «Շիրակի» հետ խաղին չի հայտավորել ՀՀ քաղաքացիություն ունեցող 7 ֆուտբոլիստի: Իսկ ահա առաջին խմբում հանդես եկող «Արագածը» չի կարողացել գտնել 10 հայաստանցի խաղացող, որի համար նույնպես տուգանվել է 20 հազար դրամով:

 

Հավելենք, որ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշումները ֆուտբոլային սուբյեկտների կողմից կարող են բողոքարկվել որոշման մասին պաշտոնական

հրապարակման պահից յոթ օրվա ընթացքում: